Նորություններ
Արարատի մարզպետը մասնակցել է ձմեռային զորակոչի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին
23.01.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հունվարի 21-իմ ներկա է գտնվել Արտաշատ քաղաքի Զինվորական կոմիսարիատում կազմակերպված միջոցառմանը: Զինվորներին բարի ծառայություն մաղթելուց հետո մարզի ղեկավարը զրուցել է նաև նրանց ծնողների, հարազատների հետ, պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում մշտապես աջակցություն ցուցաբերել զինծառայողներին և նրանց ընտանիքներին:
Ձմեռային զորակոչին նվիրված միջոցառումների շարքն Արարատի մարզում եզրափակվել է հունվարի 23-ին Մասիսի Զինվորական կոմիսարիատում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ, որին ևս մասնակցել է Արարատի մարզպետը: Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են փոխմարզպետ Աշոտ Մուրադյանը, մարզպետի խորհրդական Գարիկ Վարդանյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը:
Միջոցառումը մեկնարկել է Մասիսի զինկոմ, գնդապետ Գնել Մանուկյանի հանդիսավոր ուղերձով և մարզպետի ողջույնի խոսքով: Մարզպետը զորակոչիկներին մաղթել է խաղաղ և արգասաբեր ծառայություն և նրանց նվիրել Սերժ Առաքելյանի <<Հրեղեն ոգու կանչը>> գիրքը, որը պատմում է Արցախյան գոյամարտում հայ զինվորի սխրանքների մասին: Այնուհետև զորակոչիկներն ու հյուրերը ծաղիկներ են դրել հայ զինվորի հիշատակին նիրված հուշաքարին:
Մասիսի զինկոմիսարիատում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում զորակոչիկներին ողջունել է նաև << Art prodaction>> պարախումբը:
Հանդիսությունն ավարտվել է փողային նվագախմբի հայրենասիրական կատարումներով, որից հետո զորակոչիկներն ուղևորվել են դեպի կենտրոնական հավաքակայան: