Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն Մասիս ՋՕԸ-ում
13.02.2015
Մասիս ՋՕԸ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Մասիս ՋՕԸ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, Արարատի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, Մասիսի ՋՕԸ-ի պետ Վարդան Մովսիսանը, համայնքապետեր և համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:
Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում տարվող աշխատանքներին ու մարզում այդ ոլորտի խնդիրներից բխող առաջնահերթություններին:
Խոսելով գյուղատնտեսական աշխատանքների կառուցողականության ու արդյունավետության մասին՝ մարզի ղեկավարը այս գործընթացում կարևորել է համայնք-բնակիչ համատեղ աշխատանքը: Ռուբիկ Աբրահամյանն առաջարկել է նաև մշակել և առաջնորդվել աշխատանքային այնպիսի ձևաչափով, որի արդյունքում ոչ միայն կնկատվեն դրական տեղաշարժեր գյուղատնտեսության ոլորտում, այլև արդյունքից գոհ կլինի գյուղացին:
Այնուհետև գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում ոռոգման ջրամատակարարումն ապահովելու աշխատանքներին միտված զեկույցով հանդես է եկել Մասիսի ՋՕԸ-ի տնօրեն Վարդան Մինասյանը:
Անդրադառնալով Սայաթ-Նովա, Դաշտավան-Զորակ և այլ ջրանցքներում հունվարի 24-ից սկսված մաքրման աշխատանքներին՝ Վարդան Մովսիսյանը հավելել է նաև, որ ոռոգման ջրատարերի մաքրման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:
Խորհրդակցության ընթացքում առաջարկություններով և հիմնախնդիրների արծարծմամբ հանդես են եկել համայնքի ղեկավարները, որոնց լուծման ուղղությամբ մարզպետը տվել է համապատասխան առաջարկներ և հանձնարարականներ: