Նորություններ
Տեառնընդառաջը Արարատի մարզի համայնքներում
17.02.2015
Փետրվարի 13-ին Արարատի մարզի տարբեր համայնքներում մեծ շուքով նշեցին Տեառնընդառաջը:
Գոռավանում միջոցառումն սկսելուց առաջ Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց այս տարի հիմնանորոգված գյուղապետարանի շենքի օրհնությունը: Նորապսակների վրա օրհնված ջուրը ցողելուց, աղը, հացը ճաշակելուց հետո մշակույթի տան հրապարակում զույգերը նահատակների հուշակոթողին ծաղիկներ դրեցին: Տեր Հովակիմը և 31 զույգ նորապսակները միաբերան առ Աստված առաքեցին Տերունական աղոթքը` խնկի բուրմունքի հետ միախառնելով: Հոգևոր հովիվը օրհնեց նորապսակներին` նրանց ցանկանալով բեղուն և ամուր ընտանիք, շատ զավակներ, որովհետև բանակին զինվոր է հարկավոր, օջախներին` մայրեր ու հայրեր: Կրակի շուրջը խորհրդանշական յոթ պտույտ գործելուց հետո գյուղապետ Արսեն Բազիկյանը 31 զույգին նվիրեց ոսկե մատանիներ` տարոսիկներով:
Տոնը յուրօրինակ նշեց նաև Բուրաստան համայնքը: Մինչ միջոցառման սկիզբը նորապսակները նահատակների հուշակոթողին ծաղկեպսակներ դրեցին, իրենց խոնարհումն արտահայտեցին նաև մոմավառությամբ: Դալարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանան, բացելով միջոցառումը և շնորհավորելով նորապսակներին, հորդորեց նրանց, որ Աստծո տված սուրբ լույսով սրբագործվեն նրանց հոգիները, ինչպես նաև ջերմանա ընտանեկան մթնոլորտը: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը շնորհավորեց նորապսակներին, ցանկացավ, որ Բուրաստանում նորաստեղծ ընտանիքների թիվը ավելանա: Տասներկու նորապսակները ստացան ընծաներ: