Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետարանում
18.02.2015
Փետրվարի 17-ին Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, համայնքապետեր, Արտաշատ և Ազատ ՋՕԸ-երի տնօրենները:
Խորհրդակցության սկզբում Արարատի մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում տարվող աշխատանքներին ու այդ աշխատանքների արդյունավետության համար կարևորել հրատապ ծրագրեր ձեռնարկելու և իրականացնելու տրամաբանությամբ կառուցվող գործելաոճը: Մարզի ղեկավարը համայնքապետերին առաջարկել է հստակ ներկայացնել իրենց համայնքների ոռոգման համակարգերում առկա խնդիրները և միաժամանակ շեշտել, որ առաջարկվող ծրագրերն ու նախագծերը լինեն իրատեսական:
Այնուհետև գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում տարվող աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել Արտաշատ ՋՕԸ-ի տնօրեն Թադևոս Թադևոսյանը: Զեկույցի ընթացքում նա խոսել է Դվինի, Այգեզարդի և այլ ջրանցքների մաքրման աշխատանքների մասին, ինչպես նաև անդրադարձել այդ գործընթացի կազմակերպման մանրամասներին:
Արտաշատ ՋՕԸ-ի տնօրենի զեկույցին հաջորդել է Ազատ ՋՕԸ-ի տնօրեն Արման Գևորգյանի զեկույցը, որի ընթացքում Արման Գևորգյանը ներկայացրել է ջրանցքների մաքրման, պոմպակայանների շահագործման ընթացիկ և ավարտված աշխատանքները:
Անդրադառնալով գարնան նախապատրաստական աշխատանքներին` ՋՕԸ-երի տնօրենները մարզպետին հավաստիացրել են, որ պատրաստ են գյուղատնտեսական տարվա մեկնարկին:
ՋՕԸ-երի տնօրենների զեկույցներից հետո Արտաշատի տարածաշրջանի համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրները, որից հետո մարզի ղեկավարը դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին:
Խորհրդակցության վերջում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ընդգծել է, որ բոլոր շահագրգիռ կողմերն, ըստ իրենց իրավասությունների, պետք է ստեղծեն անհրաժեշտ նախադրյալներ, որպեսզի հողօգտագործողը ձգտի ոչ միայն ավելացնել իր կողմից մշակվող հողատարածքները, այլև առատ բերք ստանա:
Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը մարզի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուներին հանձնարարել է նաև կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկային փուլի կազմակերպման ընթացքի մանրամասն դիտարկում և պարբերաբար զեկուցել առկա իրավիճակի մասին, ինչպես նաև համագործակցված աշխատանքի արդյունքում մարզում ապահովել նպաստավոր գյուղատնտեսական միջավայր: