Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետարանում

18.02.2015

Փետրվարի 17-ին Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, համայնքապետեր, Արտաշատ և Ազատ  ՋՕԸ-երի տնօրենները:

Խորհրդակցության սկզբում Արարատի մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում տարվող աշխատանքներին ու  այդ աշխատանքների արդյունավետության համար կարևորել  հրատապ ծրագրեր ձեռնարկելու և իրականացնելու տրամաբանությամբ կառուցվող գործելաոճը: Մարզի ղեկավարը համայնքապետերին առաջարկել է   հստակ ներկայացնել իրենց համայնքների   ոռոգման համակարգերում առկա  խնդիրները և  միաժամանակ շեշտել, որ առաջարկվող ծրագրերն ու նախագծերը լինեն իրատեսական:

Այնուհետև գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում տարվող աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել Արտաշատ ՋՕԸ-ի տնօրեն Թադևոս Թադևոսյանը: Զեկույցի ընթացքում նա խոսել է Դվինի, Այգեզարդի և այլ ջրանցքների մաքրման աշխատանքների մասին, ինչպես նաև անդրադարձել այդ գործընթացի  կազմակերպման մանրամասներին:

Արտաշատ ՋՕԸ-ի տնօրենի զեկույցին հաջորդել է Ազատ ՋՕԸ-ի տնօրեն Արման Գևորգյանի զեկույցը, որի ընթացքում Արման Գևորգյանը ներկայացրել է ջրանցքների մաքրման, պոմպակայանների շահագործման  ընթացիկ և ավարտված աշխատանքները:

Անդրադառնալով գարնան նախապատրաստական աշխատանքներին` ՋՕԸ-երի տնօրենները մարզպետին հավաստիացրել են, որ պատրաստ են գյուղատնտեսական տարվա մեկնարկին:

ՋՕԸ-երի տնօրենների զեկույցներից հետո Արտաշատի տարածաշրջանի համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց համայնքներում առկա խնդիրները, որից հետո մարզի ղեկավարը դրանց լուծման ուղղությամբ հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին:

Խորհրդակցության վերջում  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ընդգծել է, որ բոլոր շահագրգիռ կողմերն, ըստ իրենց իրավասությունների, պետք է ստեղծեն անհրաժեշտ  նախադրյալներ, որպեսզի հողօգտագործողը ձգտի ոչ միայն ավելացնել իր կողմից մշակվող հողատարածքները, այլև առատ բերք ստանա:

Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը մարզի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուներին հանձնարարել է նաև կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկային փուլի կազմակերպման ընթացքի մանրամասն դիտարկում և պարբերաբար զեկուցել առկա իրավիճակի մասին, ինչպես նաև համագործակցված աշխատանքի արդյունքում մարզում ապահովել նպաստավոր գյուղատնտեսական միջավայր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27