Նորություններ
Արարատի մարզպետը մասնակցել է ՀՀ Զինված ուժերի 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի առիթով կազմակերպված հանդիսությանը
19.02.2015
Զինված ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը:
Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս: Զորամասում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Ուսումնական փուլի մեկնարկը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև մեծ պատասխանատվություն է զինված ուժերի անձնակազմի համար: Այն իր հետ բերում է նոր առաջադրանքներ ու խնդիրներ: Վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Եվ, անշուշտ, այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է զինվորը, ամրապնդվում ու կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:
Շնորհավորելով զինանձնակազմերին և նշելով, որ նախորդ ուսումնական փուլի ընթացքում թե կարգապահության, թե մարտունակության բարձրացման առումով բանակում արձանագրվել են դրական արդյունքներ, պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ այս կիսամյակը իբրև նախորդների շարունակություն ևս հաջողություններով լի և արգասաբեր կլինի:
Ըստ Սեյրան Օհանյանի` հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու միակ միջոցը հայկական զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է, և յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով ուսումնական գործընթացը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի հետագա բարձրացման: <<Իսկ դա շարունակական գործընթաց է, որի վերջնական հանրագումարը ձևավորվում է` ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական պատրաստության աստիճանից>>,- ընդգծել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ չկա առավել պատվաբեր գործ, քան հայրենիքին ծառայելը:
Դիմելով զինանձնակազմին` Սեյրան Օհանյանը հորդորել է գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությամբ է նաև պայմանավորված առկա հարաբերական խաղաղության հարատևությունը:
Խորհրդանշական օրը կրկնակի տոն էր զորամասի համար. շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար:
Այս անգամ բնակարանամուտ են տոնել ավելի քանի 40 զինծառայողներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողներին հանձնել է շինարարական արդի չափանիշներին համապատասխանող բնակարանների վկայագրերը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային մյուս հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և արվում է ամենայն հնարավորը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները: Բանակային զորամիավորում կատարած շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու Արարատի մարզպետը եղել են նաև զորամասի հիմնովին նորոգված, նոր գույքով ու տեխնիկական միջոցներով հագեցած ակումբում:
Անդրադառնալով 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամասում տեղի ունեցած միջոցառման կարևորությանը` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ Զինված ուժերի հետ համագործակցությունն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը համարվում է մարզպետարանի գերակա ուղղություններից մեկը և գտնվում է մարզի ղեկավարության ամենօրյա ուշադրության առանցքում: