Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է ՀՀ Զինված ուժերի 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի առիթով կազմակերպված հանդիսությանը

19.02.2015

Զինված  ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը:

Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս: Զորամասում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Ուսումնական փուլի մեկնարկը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև մեծ պատասխանատվություն է զինված ուժերի անձնակազմի համար: Այն իր հետ բերում է նոր առաջադրանքներ ու խնդիրներ: Վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Եվ, անշուշտ, այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է զինվորը, ամրապնդվում ու կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Շնորհավորելով զինանձնակազմերին և նշելով, որ նախորդ ուսումնական փուլի ընթացքում թե կարգապահության, թե մարտունակության բարձրացման առումով բանակում արձանագրվել են դրական արդյունքներ, պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ այս կիսամյակը իբրև նախորդների շարունակություն ևս հաջողություններով լի և արգասաբեր կլինի:

Ըստ Սեյրան Օհանյանի` հակառակորդի սադրիչ  գործողություններին հակազդելու միակ միջոցը հայկական զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է, և յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով ուսումնական գործընթացը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի հետագա բարձրացման:  <<Իսկ դա շարունակական գործընթաց է, որի վերջնական հանրագումարը ձևավորվում է` ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական պատրաստության աստիճանից>>,- ընդգծել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ չկա առավել պատվաբեր գործ, քան  հայրենիքին ծառայելը:

Դիմելով զինանձնակազմին` Սեյրան Օհանյանը հորդորել է գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությամբ է նաև պայմանավորված առկա հարաբերական խաղաղության հարատևությունը:

Խորհրդանշական օրը կրկնակի տոն էր զորամասի համար. շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար:

Այս անգամ բնակարանամուտ են տոնել ավելի քանի 40 զինծառայողներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողներին հանձնել է շինարարական արդի չափանիշներին համապատասխանող բնակարանների վկայագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային մյուս հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և արվում է ամենայն հնարավորը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները: Բանակային զորամիավորում կատարած շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու Արարատի մարզպետը եղել են նաև զորամասի հիմնովին նորոգված, նոր գույքով ու տեխնիկական միջոցներով հագեցած ակումբում:

Անդրադառնալով 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամասում տեղի ունեցած միջոցառման կարևորությանը` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ Զինված ուժերի հետ համագործակցությունն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը համարվում է մարզպետարանի գերակա ուղղություններից մեկը և գտնվում է մարզի ղեկավարության ամենօրյա ուշադրության առանցքում:

                                                                                                     

www.mil.am

http://ararat.gov.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18