Նորություններ
Գրքի տոնը` Արարատի մարզում
20.02.2015
Գիրք նվիրելու արարողությունը Արարատի մարզում սկսվեց վաղ առավոտից: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատողները շնորհավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին գրքի տոնի առթիվ և նրան նվիրեցին հայ դասականների գործերը:
Մարզպետարանի բակում անցնող-դարձողներին երիտասարդները բաժանեցին շուրջ 60 կտոր գիրք: Միջոցառումը շարունակվեց Զանգակատուն համայնքում` Պարույր Սևակի տուն-թանգարանում, որտեղ ներկա էին նաև սահմանամերձ Լուսաշող, Տիգրանաշեն, Լանջառ և մյուս համայնքների ղեկավարները, դպրոցի տնօրեններ, աշակերտներ:
Տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին գրքի տոնի առթիվ, ասաց, որ խորհրդանշական է, որ հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի տանը նշվում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը մարզպետի անունից շնորհավորեց ներկաներին և ասաց, որ մարզի ղեկավարի անմիջական նախաձեռնությամբ մարզի հինգ համայնքներ և հինգ դպրոցներ կստանան թանկարժեք գրքեր` ռուս և հայ դասականների, ժամանակակից գրողների, բանաստեղծների ստեղծագործությունները:
Նա ընդգծեց, որ ավանդական դարձած այս միջոցառումը նպատակ ունի երիտասարդների մեջ սեր արթնացնել գրականության նկատմամբ և Գիրք նվիրելու օրը տոն դարձնել նրանց կյանքում: Նա հիշեցրեց, որ հայ մայրը հարազատին, զավակին ճանապարհելու ժամանակ հացի հետ մեկտեղ դրել է նաև գիրք:
Միջոցառումը շարունակեցին Պարույր Սևակի անվան դպրոցի աշակերտները: Միջոցառման վերջում Հասմիկ Գասպարյանը ներկաներին նվիրեց գրքեր: