Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
25.02.2015
Փետրվարի 24-ին Արարատի մարզ է այցելել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, համայնքապետեր, մարզադպրոցների տնօրեններ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Նախարար Գաբրիել Ղազարյանի այցի նպատակն է եղել` ծանոթանալ Արարատի մարզի սպորտի ասպարեզում առկա խնդիրներին, մարզադպրոցների աշխատանքին, շենքային ու գույքային պայմաններին: Նախարարի այցը սկսվել է Մասիս քաղաքից, որտեղ Գաբրիել Ղազարյանն այցելել է նորակառույց քաղաքային մարզադպրոց, ծանոթացել պայմաններին ու մարզադպրոցին կից մարզահրապարակի շինարարական աշխատանքների ընթացքին, որից հետո շրջայց է կատարել Մասիսի <<Սևան>> ԳՄԸ-ում: 162 սան ունեցող մարզադպրոցի տնօրենը նախարարին առաջարկություններ է ներկայացրել մարզադպրոցի վիճակի բարեկարգման, հիմնանորոգման և ջեռուցման համակարգի տեղադրման, նոր մարզագույքով համալրման անհրաժեշտությունների վերաբերյալ: Նախարարը պատրաստակամություն է հայտնել բարձրացված հարցերի ուղղությամբ ցուցաբերել հնարավոր աջակցություն:
Արարատի մարզ այցի շրջանակներում Գաբրիել Ղազարյանը եղել է նաև 2014թ. մասամբ վերանորոգված Տափերական համայնքի <<Սևան>> ԳՄԸ-ում, ինչպես նաև շրջել է Տափերականի դպրոցի մարզադահլիճում և խոստացել այն դարձնել բարեկարգ, գույքով ապահովված ու մարզական պարապմունքների համար պիտանի:
Նախարարի այցելության հաջորդ կանգառը եղել է Վեդիի քաղաքային մարզադպրոցը, որտեղ, ինչպես և նախորդ մարզադպրոցներում, գործում են ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի ու թեթևատլետիկայի համապատասխան մարզասենյակներ: Պայմաններին ծանոթանալուց և աշխատանքային ընթացքի մանրամասն դիտարկում կատարելուց հետո Գաբրիել Ղազարյանը եղել է Արարատ քաղաքում, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և այցելել 2005թ. կառուցված Արարատի քաղաքային մարզադպրոց: Բարվոք պայմաններ և պատշաճ գույք ունեցող մարզադպրոցում քննարկվել է օրակարգային համարվող` մարզադաշտ ունենալու խնդիրը, որի լուծման ուղղությամբ նախարարը հանձնարարել է կատարել պատշաճ և համակողմանի ուսումնասիրություն և գտնել արդյունավետ լուծում:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի այցի վերջին կանգառը եղել է մարզկենտրոն Արտաշատը: Արտաշատում նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Մարզպետն ու նախարարը միասին շրջել են Արտաշատի մարզադպրոցում ու քաղաքային մարզադաշտում, որը հանդիսանում է համապետական ու միջազգային կարևորագույն միջոցառումների անցկացման հարթակ:
Մարզադպրոցի ու մարզադաշտի խնդիրներին ծանոթանալուց հետո նախարարն ու մարզպետը Արարատի մարզպետարանում հանդիպել են մարզաշխարհի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման սկզբում Արարատի մարզի սպորտի բնագավառում արձանագրված ձեռքբերումների, կատարված ու ընթացիկ աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Այնուհետև ողջունելով նախարարին ու մարզաշխարհի ներկայացուցիչներին` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կարևորել է սպորտի դերը նորօրյա սերնդի պատշաճ դաստիարակության ու առողջ ապագա կերտելու գործում: Դիմելով մարզաշխարհի ներկայացուցիչներին` մարզի ղեկավարն առաջարկել է այս ասպարեզում արձանագրված ձեռքբերումներն ամրապնդելու, զարգացնելու և առկա խնդիրները լուծելու համար մշակել և ներկայացնել կառուցողական ու իրատեսական ծրագրեր, որպեսզի շոշափելի լինի աշխատանքի արդյունքը:
Մարզպետի խոսքին հաջորդել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ելույթը, որի ընթացքում նախարարն անդրադարձել է Արարատի մարզ կատարած իր այցելությանը, խոսել մարզի մարզադպրոցների արդյունավետ աշխատանքից, առկա խնդիրներից ու դրանց լուծելու կարևորությունն ու գերակա խնդիր ու նպատակ համարել ֆիզիկական կուլտուրայի մասսայականացումը:
Հանդիպման ընթացքում հարցադրումներով հանդես են եկել մարզաշխարհի ներկայացուցիչները:
Ավարտին մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ բարձր ցուցանիշներ արձանագրելու և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար նախարարի կողմից ստացել են շնորհակալագրեր: