Նորություններ
Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը` Եռաբլուրում
26.02.2015
Արտաշատի երկրապահները` Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանի գլխավորությամբ, զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ փետրվարի 25-ին այցելել են Եռաբլուր պանթեոն: Այնտեղ նրանց են միացել Մասիսի, Արարատի տարածաշրջանների վետերան, պատանի, երիտասարդ երկրապահները: Հիշատակի և ոգեկոչման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվեն Գրիգորյանը, ազատամարտիկներ, հյուրեր ԱՄՆ-ից, երկրապահներ` Հայաստանի տարբեր մարզերից:
Արարողությունը խիստ հանդիսավոր էր. պատվո պահակ էին կանգնել պատանի երկրապահները և ռազմական ուսումնարանների սաները: Հանդիսության մասնակիցները զորավարի շիրմաքարին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել: Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը հոգեհանգստի կարգը կատարելուց առաջ ասաց, որ այսօր Անդրանիկ Օզանյանի փառաբանության օրն է:
Զորավարի ծննդյան օրվա կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն Անդրանիկ Օզանյանին պարգևատրել է <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>> մեդալով, որն այսուհետև կհամալրի տուն-թանգարանի հավաքածուն:
Շնորհավորական խոսքում զորավարի տուն-թանգարանի տնօրեն Իլյիչ Բեգլարյանը մեծ հայորդուն նույնացրել է էպոսի հերոսի հետ և արդարացի չի համարել, որ Անդրանիկ Օզանյանին համեմատում են Գարիբալդի հետ. նա անզորք զորավար էր, որը մի քանի հայդուկներով կռվում էր թուրքական զինված կանոնավոր բանակի դեմ:
Օրվա խորհուրդն Անդրանիկ Օզանյանն էր: Ներկաները կատարել են մեծ հայորդուն նվիրված երգեր: Նրանց են միացել նաև Արարատի մարզի Արարատ գյուղի բոլոր դպրոցների պատանի երկրապահները, որոնք ունեին Զորավարի նկարով կրծքանշաններ և որոնց ուղեկցում էր գյուղապետ Կարեն Ղազարյանը:Արտաշատի ԵԿՄ-ն միջոցառումը շարունակել է Արտաշատում` Անդրանիկ Օզանյանի արձանի մոտ: