Նորություններ
Կանանց նվիրված միամսյակն Արարատի մարզում մեկնարկեց տոնական համերգով
09.03.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի համատեղ նախաձեռնությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մարտի 9-ին կայացել է տոնական համերգ` նվիրված Կանանց տոնին:
Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, քաղաքապետարանի, մարզպետարանի աշխատակիցներ, մարզի բնակիչներ:
Մինչ տոնական համերգի մեկնարկը, միջոցառումը նշանավորվել է թատրոնի շենք մտնող կանանց ծաղիկներ նվիրելու և գարնանային զարթոնքը խորհրդանշող Կանանց տոնը շնորհավորելու գեղեցիկ արարողությամբ:
Տոնական համերգի ընթացքում ժողովրդական երգերի կատարումներով և ժողովրդական նվագախմբի նվագակցությամբ հանդես են եկել Սևակ Ամրոյանը, Մերի Վարդանյանը, Սմբատ Խալաթյանը, այլ երգիչ-երգչուհիներ:
Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքով հանդես է եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Շնորհավորելով Կանանց տոնը`Ռուբիկ Աբրահամյանն իր խոսքում կարևորել է հայ կնոջ դերը երկրի քաղաքական, հասարակական կյանքում, ընտանիքի հիմնասյուների կառուցման ու բարգավաճման գործում և նրանց մաղթել առողջություն, անսպառ եռանդ և որ հայ կնոջ աչքերը միշտ փայլեն երջանկությունից:
Միջոցառումը եզրափակվել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի շնորհավորական ելույթով: