Նորություններ
Նվիրված Անդրանիկ Օզանյանին
11.03.2015
Մարտի 11-ին Բուրաստան համայնքում անցկացվել է Անդրանիկ Օզանյանին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում դպրոցի բարձր դասարանցիները ներկայացրել են Շապինանդի (Անդրանիկ Օզանյանի մականունն է) կյանքը, մարտական գործունեությունը, մղած հերոսական ճակատամարտները Դիլմանում, Վանում, Բալկաններում: Հնչել են մեծ հայդուկապետին նվիրված երգեր: Բուրաստանի պարի-երգի համույթը միջոցառումը հարստացրել է ազգագրական երգերով ու պարերով:
Համերգային կատարումներից հետո Էվելինա Ղազարյանը մեկ առ մեկ կարդացել է այն զինվորների անունները, որոնք նահատակվել են դիրքերում` հայրենիքի սահմանները պաշտպանելիս և որոնք զորավարի նորօրյա դասերը շարունակողներն են: Լռությամբ հարգվել է այդ զինվորների հիշատակը: Դպրոցականները նախօրոք պատրաստել էին զորավար Անդրանիկին և նրա զինակից ընկերներին նվիրված անկյուն, որտեղ տեղ էին գտել Գևորգ Չաուշի, Նիկոլ Դումանի, Արաբոյի նկարները, նրանց մասին զորավարի գնահատականները: Մշակույթի բաժնի պատասխանատու Ջուլիետա Մելքոնյանը զգալի աշխատանք էր կատարել հարուստ, ուսուցանող միջոցառման կազմակերպման համար: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը խրախուսել է միջոցառումը` այն համարելով հայրենասիրության յուրօրինակ դաս: