Նորություններ
Շտաբային ուսումնավարժություն Արարատի մարզում
13.03.2015
Մարտի 12-ին ՀՀ ՏԿԱԻ Արարատի մարզային վարչությունը կազմակերպել և իրականացրել է շտաբային ուսումնավարժություն, որը գլխավորել է Արարատի մարզպետ, մարզի քաղպաշտպանության պետ Ռուբիկ Աբրահամյանը:
Արտաշատի 5-րդ դպրոցում տեղակայված թիվ 1 ՏՀԿ-ում ( տարահանման կենտրոնական հավաքակայան) տեղի ունեցած գործնական միջոցառման ընթացքում Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի տարբեր ենթակառուցվածքների ու մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ուսումնավարժության սկզբում հավաքակայանի ղեկավար, Արտաշատի 5-րդ դպրոցի տնօրեն Ռուզան Հայրապետյանը քաղպաշտպանության պետ Ռուբիկ Աբրահամյանին զեկուցել է օդային տագնապի ազդարարման մասին, ներկայացրել ստեղծված իրավիճակն ու քաղպաշտպանության պետի հրահանգից հետո ուսումնական զորավարժությունները սկսելու մեկնարկը տվել:
Այնուհետև հյուսիսային, հարավային, արևմտյան ու արևելյան զանգվածներում տեղակայված բնակիչները (այս դեպքում` դպրոցի աշակերտները) տեղափոխվել են դեպի տարահանման հավաքակայան:
Հավաքակայանում գործել են տարահանման համար անհրաժեշտ բոլոր սրահները` երկու սպասասրահ, բուժկետ, հաշվառման, տեղաբաշխման խմբեր, հերթապահ հեռախոսակապ, ինչպես նաև հավաքակայանն ապահովված է եղել տաք սննդով: Միջանցքում պատերին փակցված են եղել տարահանվողների տեղաշարժը հեշտացնող ուղղորդող ցուցիչներ, տարահանվողները կրել են գլխարկներ, ակնոցներ ու շնչառական դիմակներ:
Գործնական միջոցառման շրջանակներում քաղպաշտպանության պետ Ռուբիկ Աբրահամյանը շրջել է տարահանման հավաքակայանի բոլոր սրահներում, ծանթացել շենքային պայմաններին, գործնական վիճակին, անձնակազմի պատրաստվածությանն ու հետևել տարահանվողներին ցույց տրվող օգնությանը:
Ամփոփելով շտաբային ուսումնավարժությունները` Ռուբիկ Աբրահամյանը բարձր է գնահատել զորավարժություների անցկացման որակն ու անձնակազմի պատրաստվածությունը: Այնուհետև մարզի քաղպաշտպանության պետն անդրադարձել է նմանատիպ արտակարգ իրավիճակներին ընդհանրապես ու շեշտել է այս ասպարեզում ապագա սերնդի գիտելիքների ու բարձր պատրաստվածության կարևորությունը, որոնք կնպաստեն հնարավոր արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշմանն ու օպերատիվ աշխատանքի կազմակերպմանը: