Նորություններ
Արդարադատության նախարարն այցելել է Արարատի մարզ
14.03.2015
Մարտի 14-ին աշխատանքային այցով Արարատի մարզում է եղել ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Արդարադատության նախարար Հ. Մանուկյանը Արարատի մարզպետարանում հանդիպում են ունեցել քաղաքացիների հետ:
Մարզպետարանում կազմակերպված քաղաքացիների ընդունելության ընթացքում նախարարն անձամբ լսել է քաղաքացիներին հուզող հարցերի ու խնդիրների մասին և դրանց վերլուծության և լուծման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:
Այցելության ընթացքում նախարարի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել են նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, Արդարադատության նախարարության և Արարատի մարզպետարանի աշխատակիցներ:
Այնուհետև Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում Հովհաննես Մանուկյանն այցելել է Արտաշատի նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ Արարատի տարածքային բաժին, Վիճակագրության և Պետռեգիստրի Արարատի տարածքային վարչություն, ծանոթացել շենքային պայմաններին ու աշխատանքի ընթացքին:
Նախարարի այցի հաջորդ կանգառը եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանը: Արդարադատության նախարարն ու Արարատի մարզպետը ծաղիկներ են դրել Սպարապետի կիսանդրու մոտ և շրջել թանգարանում:
Արդարադատության նախարարի այցը եզրափակվել է Վերին Դվին ասորական համայնքի բնակիչների հետ հանդիպմամբ: Հանդիպման սկզբում Հովհաննես Մանուկյանը խոսել է Արդարադատության նախարարության գործառույթների, աշխատանքային ուղղությունների մասին, նախարարություն-ազգաբնակչություն կապի և իր կողմից ղեկավարվող գերատեսչության տարբեր ենթակառուցվածքների կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունների մասին:
Նախարարն ու մարզպետը այս համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում կարևորել են հայերի ու ասորիների դարավոր բարեկամությունն ու ընդգծել այդ բարեկամությունից բխող դրական իրողությունները:
Համայնքի բնակիչների հետ անմիջական շփման ընթացքում նախարարն ու մարզպետը պատասխանել են ինչպես դատական համակարգին, այնպես էլ գյուղատնտեսության ու առողջապահության ոլորտներին վերաբերող հարցերին ու անձնական բնույթի հարցադրումներին: Համայնքի բնակիչների կողմից բարձրացված հարցերի ուսումնասիրության և լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ: