Նորություններ
Շարունակվում են տոնական միջոցառումները
16.03.2015

Արարատի մարզի Այգեպատ համայնքի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը և ավագանու անդամները կանանց նվիրված միջոցառումն սկսեցին դպրոցից: Նրանք ուսուցչական կոլեկտիվին շնորհավորեցին մարզպետի և իրենց անունից, նվիրեցին արժեքավոր նվերներ: Գյուղապետարանի հանդիսությունների սրահում հյուրընկալվեցին 91 կանայք: Մորը նվիրված երաժշտության հնչյունների ներքո նրանք տեղ զբաղեցրին տոնական սեղանների շուրջ: Գյուղապետը, բացելով միջոցառումը, շնորհավորեց կանանց և ասաց, որ մեծ է նրանց ներդրումն Այգեպատ համայնքի զարգացման, առաջընթացի գործում, որի հիմքը դրել են նրանց մայրերը, սկեսուրները հայրերը, և այժմ նրանք շարունակում են իրենց ծնողների ավանդույթը` գյուղը զարգացնելու գործում:
Մշակույթի տան <<Նարե>> պարային համույթն օրը հագեցրեց իր տոնական ելույթներով: Դպրոցականներն ասմունքեցին Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի` մորը, կնոջը, բնությանը նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև մեջբերեցին ժողովրդական բանահյուսությունից մորը, կնոջը նվիրված ասույթներ, թևավոր խոսքեր: Մայրն ու հայրենիքն անբաժանելի են միմյանցից, ուստի դարձյալ հնչեցին հայրենասիրական երգեր` Արմեն Մուրադյանի կատարմամբ: Կանայք իրենց շնորհակալությունը հայտնեցին գյուղապետին, ասացին, որ միշտ են զգացել նրա ուշադրության դրսևորումը, որը չի սահմանափակվում միայն տոնական օրերով և ավելացրին, որ իրենք մշտապես կանգնած են գյուղապետի և գյուղի թիկունքին: Տոնի կապակցությամբ կանայք ևս հանդես եկան ժողովրդական երգերի կատարումներով: Օրը ավարտվեց 91 կանանց արժեքավոր նվերներ և ծաղիկներ ընծայելով:
Գյուղապետը չի սահմանափակվում այս միջոցառումով: Այգեպատում ապրում են 80-ն անց 40 կանայք, որոնց նա պատրաստվում է շնորհավորել ապրիլի 7-ին: Սերյոժա Պետրոսյանը դա համարում է խորհրդանշական, որովհետև այդ կանայք վետերաններ են, տարբեր գերդաստաների մեծ մայրիկներ են, որոնք իրենց թոռներով, ծոռներով, կոռներով բազմաշունչ են դարձրել Այգեպատ համայնքը: