Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արարատի մարզխորհրդի նիստին

25.03.2015

Մարտի 24-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի 2015թ.-ի առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարզի 95 համայնքների ղեկավարները, ավագանու անդամները և այլն:

Մարզպետ Ռ. Աբրահամյանը ներկայացրեց մարզի 2014թ.-ի սոցիալ-տնտեսական իրավիճակը և 2015թ.-ի ընթացիկ գործունեությունը: Մարզպետն անդրադարձ կատարեց մարզի նախորդ տարվա ընթացքում գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահական և սոցիալական ապահովության, կրթության, հողաշինության ու հողօգտագործման բնագավառներում իրականացված աշխատանքային ուղղություններին: 2014թ.-ի ընթացքում բավականին աշխատանքներ են տարվել մարզի քաղաքներում, գյուղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների, հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների և բազմաբնույթ հարցերի լուծման ուղղությամբ: «Համոզված եմ, որ այս տարի ևս կարողանալու ենք լուծել Արարատի մարզի ազգաբնակչության համար կարևոր շատ հիմնախնդիրներ և իրականացնել մի շարք նոր ծրագրեր, կյանքի կոչելու նոր մտահղացումներ: Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է մարզպետարանի ստորաբաժանումների, հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամաձայնեցված գործողություններով», - նշեց Ռ. Աբրահամյանը: Մարզպետը հատուկ ուշադրություն հրավիրեց մարզի գյուղատնտեսական կուլտուրաների մշակման ոլորտում գրանցված առաջընթացին: «Չնայած 2014 թ. ընթացքում գրանցված ցրտահարությանը` մարզը ընդհանուր բերքահավաքի ցուցանիշով` մասնավորապես բանջարաբոստանային կուլտուրաների առումով, ապահովել է 10.8% ավելցուկ: Որոշ համայնքներում` գետահուների մաքրման և նոր պոմպակայանների տեղադրման շնորհիվ բարելավել ենք ոռոգման համակարգը»: ՏԿԱԻ նախարարի հարցին, թե վաղօրոք կանխատեսված ցրտահարության դեպքում մարզում ինչ միջոցառումներ կարող են կիրառվել՝ Ռ. Աբրահամյանը պատասխանեց, որ պայքարի միակ տարբերակը ավանդական ծխեցումն է:

Մարզխորհրդի ընթացքում քննարկվող թեմաների վերաբերյալ հարցերով և առաջարկներով հանդես եկան նաև որոշ համայնքապետեր:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները, նշեց, որ ընթացիկ տարում նախատեսվող մարզային գործընթացներում նախարարության կողմից ներդրվելու են առավել համակողմանի և արդյունավետ մոտեցումներ: «2014թ.-ին մարզում կատարված աշխատանքները գնահատում եմ դրական, սակայն 2015թ.-ին ավելի բարձր արդյունք եմ ակնկալում: Ինչպես հանրապետության բոլոր մարզերում, ձեզ մոտ նույնպես կարող եմ առանձնացել մի քանի հիմնական խնդիր` աշխատատեղերի ստեղծում, երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովում, խմելու և ոռոգման ջրի հարցը ու ճանապարհների վերանորոգում: Եկեք փոխենք աշխատելու մեթոդներն ու ձևերը, հորդորում եմ համայնքի ղեկավարներին էլ ավելի ակտիվ ներգրավվել համայնքային խնդիրները լուծելու գործում: ՏԿԱԻ նախարարության դռները միշտ բաց են ձեզ համար, ես ձեզանից մեկն եմ և ակնկալում եմ, որ դուք ինքներդ առաջարկներ կներկայացնեք, քանի որ համայնքի խնդիրները ձեզանից լավ ոչ ոք չգիտի», - նշեց Ա. Երիցյանը: Նախարարն ավելացրեց նաև, որ նախարարության մշակած ռազմավարության մեջ մեծ տեղ է գրավում մարզերում կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը:

Մարզխորհրդի նիստից հետո մարզպետ Ռ. Աբրահամայնի ուղեկցությամբ նախարար Ա. Երիցյանն այցելեց Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց: Դպրոցը 2006 թ.-ին վերանորոգվել է պետական միջոցներով: Այն համապատասխանում է կրթական արդիական պահանջներին և քիչ թե շատ հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Դպրոցն ունի շուրջ 600 աշակերտ և 50 ուսուցիչ: Դպրոցի տնօրեն Ռուզան Հայրապետյանի ուղեկցությամբ նախարարն ու մարզպետը շրջեցին դասասենյակներով, եղան մարզադահլիճում, բուժկետում և որոշ մասնագիտացված դասարաններում: Տնօրեն Ռ. Հայրապետյանը նախարարին ներկայացրեց դպրոցի առաջին հրատապության խնդիրները: Նախարար Ա. Երիցյանը հանդիպեց նաև ուսուցչական կազմի հետ, լսեց նրանց առաջարկները և ուսուցիչներին` աշակերտների հետ միասին, հրավիրեց հյուրընկալվելու ՏԿԱԻ նախարարություն և ծանոթանալու Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին:

Նախարար Երիցյանն այցելեց նաև Արարատի մարզային ՃԿԿ՝ ծանոթանալու այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 17:35:32