Նորություններ
Բարեկամությունը շարունակվում է
02.04.2015

Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի` Սուրբ Հարության տոներից առաջ, ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի Շամլյան վարժարանի սաները հյուրընկալվեն Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի դպրոցականներին:
Այս տարի ևս նրանք չխախտեցին ավանդույթը:
Ապրիլի մեկին Գլենդելի Վահան և Անուշ Շամլյանների անվան վարժարանի սաները, նրանց ծնողները` ուսուցիչներ Սեդա Բաթմանյանի, Աիդա Կասաբյանի, Վահան Մեհրաբյանի ղեկավարությամբ, այցելեցին Փոքր Վեդու Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց:
Հյուրերին դպրոցի բակում դիմավորեցին մարզի, համայնքի աշխատաղները` մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանի գլխավորությամբ:
Փոքր Վեդու դպրոցի աշակերտները, հյուրերի կրծքին ամրացնելով խորհրդանշական անմոռուկներ, ուղեկցեցին դպրոց: Շրջայցի ընթացքում նրանք այցելեցին փառքի սրահ, անվանակոչված դասարանները:
Արվեստի դպրոցի բակում վարժարանի սաներին ավանդական երգ ու պարով դիմավորեցին դպրոցի սաները:
Իլյիչ Շադյանը միջոցառումը բացելուց հետո հաղորդեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ողջյունները և ուրախությամբ նշեց, որ մեր հարազատները կրկին մայր հողում են գտնվում և չեն մոռանում իրենց արմատները:
Գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը խոստացավ, որ ամեն ինչ կանի 2004 թվականին Շամլյան վարժարանի և Մարգար Հովհաննիսյանի անվան դպրոցի բարեկամությունը ամրապնդելու համար:
Գլենդելցիները դպրոցի սաների ուժերով կազմակերպված համերգից հետո մասնակցեցին ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, հուշանվերներ փոխանակեցին, արտասանեցին Հայաստանին, Երևանին, բնությանը նվիրված բանաստեղծություններ:
Շամլյան վարժարանի սաներից շատերը` ընտանիքներով, արդեն հարազատ օջախներ ունեն Փոքր Վեդի համայնքում, որտեղ հյուրընկալվում են ամառային արձակուրդներին: