Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարության տոնը Բուրաստան համայնքում

05.04.2015

Հիսուսի Հարության տոնը (Զատիկ) Բուրաստան համայնքում վերածվեց միջհամայնքային միջոցառման: 13-րդ դարի Սուրբ Հակոբ եկեղեցու բակը լեփ-լեցուն էր: Այստեղ էին հավաքվել գյուղի տարեցները, երիտասարդներն ու դպրոցականները, անգամ մանկապարտեզի սաները: Զատկական ձվերը բակում կռվեցնելն էր ստեղծել  մի ուրախ, ավանդական կոլորիտ: Կռվեցնում էին երեխաները, պապիկներն ու տատիկները: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը, ավագանու անդամները, որ հոգ էին տարել զատկական արարողությանը նախապատրաստման համար, <<զրկվեցին>> կարմիր ձու ուտելուց: Ի պատիվ <<Հայ եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցիչների`  երեխաները հրաշալի գիտեին օրվա խորհուրդը, Տերունական աղոթքը, բացատրեցին նաև ձուն կարմիր գույնով ներկելու իմաստը:

Եկեղեցին Հարության տոնի հետ նորից հարություն էր առել. հավատավոր ժողովուրդն եկեղեցում աղոթում էր, մոմ էր վառում, հնչում էին փառաբանության երգեր:

Յոթ կաթսաների մեջ եփվում  էր մատաղը: Սեղանները զարդարված էին <<հավերժություն>> խորհրդանշող կանաչով: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը, շնորհավորելով բոլորին Հարության տոնի կապակցությամբ, խաղաղություն ցանկացավ մոլորակին, իսկ մեր սահմանները պաշտպանող զինվորներին` ուրախ ու խաղաղ վերադարձ: Հնչում էր ավանդական դհոլ-զուռնան: Խանդավառված պարում էին գյուղի երիտասարդները, կանայք, դպրոցականները:

Եկեղեցու բակում կատարված հարդարման աշխատանքները զգալի են: Երկու տարի առաջ տնկած վարդենիներն արդեն հասակ են առել: Շուտով եկեղեցին վերջնականապես կգործի:

Գյուղապետ Աշոտ Թարվերդյանն Արարատյան Հայրապետական թեմի հետ աշխատանքներ է տանում եկեղեցին վերաօծելու համար, որից հետո այն կդառնա գործող եկեղեցի  ոչ միայն Բուրաստան, այլև շրջակա համայնքների հավատավոր ժողովրդի համար:

Մատաղը կամ,  ինչպես Աստվածաշնչում է ասվում, Աղքատաց կերակուրը, ճաշակեցին նաև սոցիալապես անապահով ընտանիքները, անկողնային հիվանդներն ու տարեցները:

Միջոցառումն իր բովանդակությամբ խիստ հարիր էր օրվա խորհրդին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-01 17:55:00