Նորություններ
Արարատի մարզպետը մասնակցել է խաչքարի բացման արարողությանը
11.04.2015
Ապրիլի 11-ին Մասիսի սուրբ Գևորգ եկեղեցու բակում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչաքարի բացման հանդիսավոր արարողություն: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, տարբեր երկրների ներկայացուցիչներ, մասիսցիներ:
Հանդիսավոր միջոցառուման սկզբում մեկնարկած խաչքարի օծումը կատարել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Խաչքարի օծման արարողությունից հետո ելույթ է ունեցել բարերար, հուշարձանի կառուցման հովանավոր, AFFA հիմնադրամի ղեկավար Գագիկ Ադիբեկյանը: Անդրադառնալով խաչքարի բացմանն ու բացմանը հաջորդող միջոցառումներին, որոնք կրել են <<Հիշում ենք, շնորհակալ ենք, հավատում ենք ապագային>> խորագիրը, Ադիբեկյանն ասել է, որ իրենց նպատակը հիշելն է ու ապագային հավատալը: Այնուհետև Ադիբեկյանն ավելացրել է, որ կարևոր է ապագա սերնդին իր արմատներին հավատարիմ պահելը և որ ապագա սերունդը ոչ թե թե տխրությամբ,այլ հպարտորեն պետք է կրի իր անցյալն ու հպարտորեն գնա դեպի ապագա:
Բարերարի ելույթից հետո միջոցառման հյուրերն ու մասիսցիները ծաղիկներ են դրել խաչքարի մոտ և իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Խաչքարի բացման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները հանդիսավոր քայլերթով շարժվել են դեպի Մասիսի կենտրոնական հրապարակ, որտեղ գտնվող պուրակում բացվել էր լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչած 20 երկրներին և արտահայտել է մեր շնորհակալությունն այդ երկրների նկատմամբ:
Այնուհետև կայացել է տոնական համերգ: Համերգի սկզբում պարգևատրվել են Հայոց ցեղասպանության թեմայով հայտարարված շարադրությունների համաքաղաքային մրցույթի հաղթողները, որից հետո հնչել են հայրենասիրական կատարումներ: