Նորություններ
Հուշ-ցերեկույթ Ջրահովիտ համայնքում
15.04.2015
Ապրիլի 15-ին Ջրահովիտ համայնքում կայացել է հուշ-ցերեկույթ` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի խորհրդական Գարիկ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, մտավորականներ, ջրահովիտցիներ:
Նախքան միջոցառման մեկնարկը հյուրերն ու ջրահովիտցիները ծաղիկներ են դրել համայնքի զոհված ազատամարտիկների հուշաքարին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև հյուրերը ներկա են գտնվել ջրահովիտցի քանդակագործներ Ռաֆիկ և Լյովա Խաչատրյանների և Ռուստամ Ավետիսյանի անհատական աշխատանքների լուսանկարների բացմանը: Ցուցահանդեսում ներառված են եղել Հայոց ցեղասպանության, հայրենասիրական և այլ թեմատիկայով աշխատանքներ:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթը: Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրել են երգի, պարի ու ասմունքի ազգային- հայրենասիրական կատարումներ:
Հուշ-ցերեկույթի կազմակերպիչ, համայնքի գրադարանավար Հերմինե Գասպարյանն իր խոսքում նշել է, որ միջոցառումը կրում է մոխրի միջից որպես փյունիկ հառնելու, ապրելու և արարելու գաղափարախոսությունը:
Միջոցառման ավարտին համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանը ջրահովիտցի քանդակագործներին հանձնել է շնորհակալագրեր: