Նորություններ
Ցեղասպանության տարելիցին ընդառաջ
15.04.2015
Ապրիլի 15-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմաներով ներկայացումների միամսյակն սկսեց Մարկ Արենի <<Վայրի վարդեր>> ներկայացումով:
Միամսյակի բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, թատերագետներ, մշակույթի գործիչներ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը:
<<Վայրի վարդեր>> ստեղծագործությունում հեղինակն անդրադարձել է ցեղասպանության հետևանքներին, որ կրում են ոչ միայն ականատեսները, վերապրածներն, այլև նոր սերունդը: Նույնիսկ սիրող զույգերն ստիպված են հաշվի նստել իրենց նախնիների կատարած ոճիրի հետ: Գլխավոր հերոս Դանիելը հրաժարվում է սիրած աղջկանից, որովհետև նա թրքուհի է: Ողբերգություն է ապրում նաև Արամի ընտանիքն, երբ պարզվում է, որ իրենց հայրը հայ է:
Ներկայացումը նոր սերնդին հորդորում է չմոռանալ իր արմատները, միաժամանակ առաջ ընթանալ,ետ չմնալ համաշխարհային քաղաքակրթությունից:
Գեղեցիկ էր նաև երաժշտական ձևավորումը. հնչեցին Բարսեղ Կանաչյանի օրորոցայինը, Դանիել Դեքերի և Արա Գևորգյանի համատեղ ստեղծագործությունը` <<Ադանա>> երգը:
Խարազյանցիները` թատրոնի գեղավեստական ղեկավար Հայկ Մնացականյանի և տնօրեն Գեղանուշ Սայադյանի հետ հանդիսատեսին միշտ մատուցում են բարձրարվեստ ներկայացումներ: