Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն` Արարատի մարզպետի գլխավորությամբ

16.04.2015

Ապրիլի 16-ին Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների և առողջապահական հիմնարկների ղեկավարներ, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ:

Խորհրդակցության սկզբում զեկույցով հանդես են եկել Առողջապահության պետական տեսչության բժիշկ-մասնագետները: Բժիշկ- մասնագետները ներկայացրել են 2014թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացված մոնիտորինգի արդյունքները և անդրադարձել դպրոցների սանիտարահիգիենիկ վիճակի կազմակերպման մի շարք կարևորագույն դրույթներին` խոսելով գրիպի և սուր շնչառական  հիվանդությունների, հանրակրթական դպրոցների  դասասենյակների սանիտարահիգիենիկ վիճակի և այլ առաջնահերթ ուղղությունների մասին:

 Խորհրդակցության ընթացքում ելույթով հանդես է եկել մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Կարեն Եղիազարյանը: Կ. Եղիազարյանն իր ելույթում անդրադարձ է կատարել մարզի հանրակրթական դպրոցներում <<Տաք սնունդ>> ծրագրի իրականացման համար նախատեսված բաց էլեկտրոնային գնումների կազմակերպման վերաբերյալ հաշվետվությունների կատարողականին:

 Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի զեկույցին հաջորդել է Համաշխարհային պարենի ծրագրի տարածքային կոորդինատոր Վլադիմիր Մալխասյանի ելույթը: Վ. Մալխասյանը խոսել է արդեն իսկ կառավարության ֆինանսավորմամբ հանրակրթական դպրոցներում իրականացվող <<Տաք սնունդ>> ծրագրի մասին` ընդգծելով, որ Արարատի մարզի դպրոցներն ակտիվ ներգրավվածություն են ունեցել այս ծրագրի ներմուծման առաջին իսկ օրից: Այնուհետև Համաշխարհային պարենի ծրագրի տարածքային կոորդինատորը դպրոցի տնօրեններին է ներկայացրել Ռուսաստանի Սննդաարդյունաբերական ինստիտուտի կողմից հրատարակված տաք սննդի պատրաստման վերաբերյալ ուղեցույց-ձեռնարկները: Վլադիմիր Մալխասյանը հավելել  է նաև, որ իրենց կազմակերպության կողմից դպրոցների ճաշարաններին կտրամադրվեն սննդի պատրաստման սարքավորումներ և անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն սննդի պատրաստման դասընթացներ:

Խորհրդակցության օրակարգի մաս են կազմել նաև դպրոցական օլիմպիադայի տարածքային, մարզային և հանրապետական փուլերի վերաբերյալ զեկույցներն ու հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացի բնականոն կազմակերպման մասին քննարկումները:

Աշխատանքային խորհրդակցությունն ամփոփել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Մարզի ղեկավարն անդրադարձել է մարզի դպրոցներում <<Տաք սնունդ>> ծրագիրը պատշաճ կերպով իրականացնելուն, ինչպես նաև կարևորել աշակերտների ծնողների ներգրավվածությունը այս ծրագրի իրականացման բոլոր գործընթացներում: Խոսելով հանրակրթական գործի կազմակերպման ընթացքից և դպրոցներում առկա բարոյահոգեբանական մթնոլորտից` Ռուբիկ Աբրահամյանը պահանջել է, որ տնօրենները լրջագույն մոտեցում ցուցաբերեն իրենց կողմից իրականացվող աշխատանքի նկատմամբ և հավելել, որ խստագույն պատասխանատվություն կկրեն իրենց աշխատանքում թերացողները: Խորհրդակցության օրակարգային հարցերի  և դպրոցներում ուսումնադաստիարակչական  որակյալ գործընթացի  կազմակերպման ուղղությամբ Ռուբիկ Աբրահամյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-02 18:08:12