Նորություններ
<<Բարության ծառ>> խորագրով միջոցառում Այնթապ համայնքում
16.04.2015
Արարատի մարզի տարբեր համայնքների մանկապարտեզներում շարունակում են կայանալ ապրիլյան ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ: Ապրիլի 16-ին Այնթապ համայնքի մանկապարտեզում կայացել է <<Բարության ծառ>> խորագիրը կրող միջոցառում` հույսի և հավատի ձեռքբերման ու կյանքի հաստատման գաղափարախոսությամբ:
Մանկապարտեզի տնօրեն էվելինա Վարդանյանը միջոցառման սկզբում ներկաներին է ներկայացրել իրենց ցերեկույթի նպատակն ու ասելիքը և հույս հայտնել, որ միջոցառումը ներկաների մեջ կսերմանի բարություն, հավատարմություն և սեր կյանքի նկատմամբ:
Միջոցառումը հագեցած է եղել ապրելու և ապրեցնելու մթնոլորտով, մանկապարտեզի սաների գեղեցիկ կատարումները գարնան ու զարթոնքի շունչ են փոխանցել ներկաներին: Միջոցառումը սիրելու, ներդաշնակություն սփռելու և միայն բարության ծառից պտուղներ քաղելու կոչ է եղել համայն աշխարհին:
Ցերեկույթի ավարտին ներկաներին ողջունել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Վիոլետա Ալոյանը և մաղթել, որ մանուկների հոգում միշտ թևածի գարնան զարթոնքն ու բարությամբ, սիրով և հավատով լցված նրանց աչքերը միշտ փայլեն: