Նորություններ
100 ծառ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ
18.04.2015
Ապրիլի 18-ին ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ Արարատի մարզի 4 քաղաքներում` Մասիսում, Արտաշատում, Վեդիում և Արարատում կազմակերպվել էր ծառատունկ: << 100 ծառ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ >> խորագիրը կրող ծառատունկը մեկնարկել է Արտաշատ քաղաքում:
Ներկայացնելով իրենց նախաձեռնության նպատակն ու ասելիքը` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է, որ ծառատունկը ոգեկոչման, ինչպես նաև վերընձյուղվելու խորհուրդ ունի իր մեջ և հավելել, որ միայն միասնականությամբ ու փոխադարձ սիրով կարող ենք հաղթել ու կառուցել հզոր ապագա:
Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու բակում ՀՀԿ կանանց խորհրդին դիմավորել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և ներկա գտնվել միասնական ծառատունկին: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է այսօրինակ նախաձեռնությունն ու ասել, որ միասնականության և ոգեկոչման խորհրդից բացի ծառատունկը նաև էկոլոգիական լուրջ դերակատարում ունի:
Այնուհետև ՀՀԿ կանանց խորհուրդը նույնաքանակ ծառեր է տնկել Արարատի ավագ դպրոցի շրջակայքում և Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի կողմից արժանացել շնորհակալագրի:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տնկիներ են դրվել նաև Վեդի քաղաքի եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պուրակում:
ՀՀԿ Արարատի մարզի տարածքային գրասենյակից տեղեկացրել են, որ Մասիս քաղաքի պուրակում ծառատունկ իրականացնելու համար ևս տրամադրվել են տնկիներ: