Նորություններ
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում Վանաշեն համայնքում
20.04.2015
Ապրիլի 20-ին Վանաշեն համայնքում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:
Բացման արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, համայնքապետեր, հյուրեր, վանաշենցիներ:
Բացման արարողության մեկնարկը տրվել է Վանաշենի համայնքապետարանի բակում կազմակերպված տոնական միջոցառմամբ, որի ընթացքում հնչել են ասմունքի, երգի ու պարի հայրենասիրական կատարումներ: Միջոցառմանը հաջորդել է խաչքարի բացման արարողությունը, որը կատարել են վանաշենցի ազատամարտիկները:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Հայր Սամվել աբեղա Մխիթարյանն օրհնել է խաչքարն ու կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգ:
Բացման տոնական արարողությանը ելույթ է ունեցել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը: Ներկաներին ողջունելով մարզպետի անունից` մարզպետի տեղակալը շնորհավորել է վանաշենցիներին այս հուշակոթողի կերտման կապակցությամբ և ասել, որ այն նոր էջ է բացել Վանաշենի պատմության մեջ:
Վանաշենի համայնքապետ Արտաշես Գրիգորյանը ևս ողջունել է ներկաներին և կոչ է արել պահանջատեր լինել նորացված կյանքով ու նոր ձեռքբերումներով:
Միջոցառումն ավարտվել է մատաղի արարողությամբ: