Նորություններ
Ադանայից մինչև անկախ Հայաստան
21.04.2015
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները ոգեկոչելու, հիշելու և պահանջելու գաղափարախոսությունն են կրում իրենց մեջ: Ապրիլի 21-ին Ջրահովիտ համայնքի միջնակարգ դպրոցում կայացել է ոգեկոչման ևս մեկ ցերեկույթ: Յուրօրինակ լուծումներով և պատմագրական խորը ուսումնասիրությամբ աչքի ընկնող միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Սուրեն Շահինյանը, ջրահովիտցիներ, հյուրեր:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Մաթևոսյանի կողմից կազմակերպված հայրենասիրական ու ազգային ոգով լեցուն ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրել են հայ ժողովրդի անցած դժվարին ուղին Ադանայից մինչև նորանկախ Հայաստան և փաստել հայ մարդու քաջակորովությունը:
Ներկաները մի պահ տեղափոխվել են Արևմտյան Հայաստանի 12 նահանգներ և կարծես ականատեսը դարձել 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունների և այդ իրադարձություններից հետո մեջքը շտկելուն, ապրելուն, հաղթելուն ու պաշտպանված հայրենիքի արարմանը:
Ցերեկույթի ավարտին ելույթ է ունեցել դպրոցի տնօրեն Արտակ Բաբայանն ու ասել, որ հայի հաղթանակներն ու նվաճումները դեռ առջևում են և որ հայերեն են խոսելու դարերը:
Ողջունելով ներկաներին` մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Սուրեն Շահինյանը ևս գովասանքի խոսքեր է ասել ցերեկույթի վերաբերյալ և հավելել, որ մենք դեռ ասելիք ունենք դարերում և հանդես պիտի գանք որպես պահանջատեր ու թելադրող: