Նորություններ
Արարատի մարզպետը մասնակցել է Արարատ քաղաքում խաչքար-հուշահամալիրի բացմանը
23.04.2015
Երեկ Արարատ քաղաքի հրապարակում` Մեծ հայրենականի հուշակոթողի մոտ, բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի խաչքար-հուշահամալիրը:
Հուշակոթողի հանդիսավոր բացմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, արարատցիներ:
Վանեցիներով, սասունցիներով, մշեցիներով լեփ-լեցուն հրապարակում հյուրերին դիմավորել են մեծ հանդիսությամբ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը բացման արարողության սկզբում ողջունել է արարատցիներին իրենց քաղաքում ոգեկոչման խորհրդանիշը կրող հուշակոթողի կառուցման կապակցությամբ և ընդգծել, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսվի մանկապարտեզից և որ ջանք չպետք է խնայենք ապագա սերնդին հայրենասիրական ոգով և համամարդկային արժեքներով դաստիարակելու համար:
Քաղաքապետ Հայկ Հայկյանը ևս ողջունել է ներկաներին և ասել , որ շարունակելու են կերտել այնքան խաչքարեր ու կառուցելու այնքան եկեղեցիներ, որքան ոչնչացրին օսմանցիները:
Հուշահամալիրի բացումից հետո տեր Դավիթ քահանա Սահակյանը կատարել է օրհնության կարգ: