Նորություններ
Խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2015
Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել Արարատի մարզի տարբեր համայնքներում: Ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել նաև Այնթապ համայնքում, որին մասնակցել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Մարզի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Այնթապի 1920 ինքնապաշտպանության զոհերին նվիրված հուշարձանին: Ծաղկեդրման արարողությանը հաջորդել է միջոցառում` հիշելու, պահանջելու և նոր հաղթանակներով արարելու գաղափարախոսությամբ:
Այնուհետև Արարատի մարզպետը ծաղկեպսակ է դրել Նոր Խարբերդի` Խարբերդ նահանգի 1915 թ. զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Նոր Խարբերդում ևս ծաղկեդրման արարողությունն ուղեկցվել է ոգեկոչման միջոցառմամբ և Հայոց ցեղապանության թեմայով նկարների ցուցահանդեսով:
Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակը ոգեկոչել են նաև Արտաշատում: Արարղությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի ենթակառուցվածքների, մարզային տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, հյուրեր:
Արարողության սկզբում Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը աղոթք է բարձրացրել առ Աստված և դիմելով ներկաներին` ասել, որ հիշելով անցյալը` առաջ պետք է գնալ ոչ թե սգալով, այլ հզորանալով:
Այնուհետև ներկաները ծաղկեպսակներ են դրել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղապանության զոհերի հիշատակին: