Նորություններ
Նորամարգում մեծարել են հայասեր երաժիշտին
25.04.2015
Ապրիլի 25-ին Նորամարգ համայնքում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ևս մեկ ինքնատիպ հուշ-ցերեկույթ, որին ներկա են եղել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Սուրեն Շահինյանը, ամերիկացի երգիչ և մեծ հայասեր Դանիել Դեքերը, նորամարգցիներ:
Նորամարգի միջնակարգ դպրոցում կայացած և ներկաներին հայրենասիրության դասեր փոխանցող այս միջոցառման կազմակերպիչ, Հայոց պատմություն առարկայի ուսուցչուհի Անահիտ Սարգսյանի շնորհիվ աշակերտները ազգային արմատներին հավատարիմ մնալու և ազգային արժեքները դարերին ի պահ դնելու համոզումն էին կրում իրենց մեջ:
Հիշելու և պահանջելու խորհուրդը կրող հուշ-ցերեկույթը նշանավորվեց նաև միջոցառման ավարտին ամերիկացի երգչի`արդեն իսկ Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ունեցող Դանիել Դեքերի հետ դպրոցի աշակերտների հանդիպմամբ:
Ներկաները միջոցառման պատվավոր հյուրին դիմավորել են ծափողջյուններով և ջերմությամբ:
Հանդիպման ընթացքում Դանիել Դեքերը ոչ միայն ներկաների համար կատարել է հայերեն երգեր, որով ևս մեկ անգամ փաստել է իր մեծ սերը հայերի ու Հայաստանի հանդեպ, այլև պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին` արտահայտելով այն համոզումը, որ ինքը ծնունդով ամերիկացի է, բայց ընտրությամբ` հայ: Դանիել Դեքերը նաև նշել է, որ Հայաստանում իրեն հարազատ են լեզուն և մարդիկ, ազգային մշակույթն ու ազգային ճաշատեսակները: Հանդիպման ավարտին միջոցառման մասնակիցներն ու ներկաները լուսանկարվել են ամերիկացի երգչի հետ: