Նորություններ
Կոմիտասի անվան քառյակն Արտաշատում
28.04.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հովանավորությամբ ապրիլի 28-ին վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան քառյակը հանդես է եկել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում:
Միջոցառմանը ներկա են եղել մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մտավորականներ, դպրոցականներ, երաժշտական դպրոցի ուսուցիչներ:
Ասմունքող Սամվել Թոփալյանը, միջոցառումը բացելուց հետո, շնորհակալություն է հայտնել մարզպետ Ռ. Աբրահամյանին Արտաշատում կրկին հանդես գալու հնարավորություն ընձեռելու համար: Նրա ասմունքին հաջորդել են քառյակի կատարումները:
Շումանի, էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից հետո հնչել է կոմիտասյան ստեղծագործությունների շարքը` <<Հաբրբան>>, <<Առ այլուղս>>, <<Գարուն ա>>, << Շողեր ջան>>, <<Հոյ Նազան>>, <<Ինչ անուշ տոն է>>: Վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան քառյակը ելույթը եզրափակել է <<Կռունկով>>:
Յուրաքանչյուր կատարում ընդմիջվել է հանդիսատեսի բուռն ծափերով:
Շնորհիվ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հովանավորության` արտաշատցի հանդիսատեսը մեկ անգամ ևս ունկնդրել է բարձրարվեստ երաժշտություն: