Նորություններ
ՄԵԾԱՐՎԵԼ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ, ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
08.05.2015

Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման կապակցությամբ Արարատի մարզի սահմանամերձ Արաքսավան համայնքում գյուղապետ Ատոմ Թադևոսյանը կազմակերպել էր համահամայնքային տոնական միջոցառում: Այդ օրը մեծարվեցին ոչ միայն Հայրենական պատերազմի վետերանները, որոնց օրինակով նրանց զավակները հաղթեցին Արցախյան ազատամարտում, այլև Արցախյան ազատամարտիկները, ինչպես նաև երկու պատերազմների հետևանքները կրած սերունդերը:
Գյուղապետը հոգացել էր տոնական առատ սեղանների համար: Հնչեցին հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև Արցախյան ազատամարտին նվիրված երգեր: Ազատամարտիկները պատմեցին Շուշին գրավելու հերոսական պատմությունը, ապա գյուղի կենտրոնում տարեցները սկսեցին պարել <<Քոչարի>>: Այդ նույն պահին դպրոցականները հնչեցրին Արշալույս Սարոյանի <<Հաղթանակի պարը>>:
Մեծ հայրենականի վետերաններին և Արցախյան ազտամարտի մասնակիցներին շնորհավորեցին Արաքսավանի միջնակարգ դպրոցի սաները: Ավագանու անդամները` Ատոմ Թադևոսյանի գլխավորությամբ, այցելեցին վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Մեծ հայրենականի վետերանները պարգևատրվեցին թանկարժեք նվերներով: