Նորություններ
Հանդիսավոր արարողություն` նվիրված մայիսի 9-ի հաղթական օրվան
09.05.2015
Մայիսի 9-ին Հայաստանի հանրապետության բոլոր տարածաշրջաններում կայացել են տոնական ու հանդիսավոր միջոցառումներ` նվիրված կրկնակի հաղթանակների` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվան:
Հանդիսավոր տոնակատարություններ են անցկացվել նաև Արտաշատ քաղաքում:
Արարատի մարզկենտրոն Արտաշատում կայացած միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի ենթակառուցվածքների և մարզային տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, արտաշատցիներ:
Միջոցառումը մեկնարկել է Արտաշատի ռուսական զորամասի և Կապի գումարտակի ավտոշարասյուների հանդիսավոր շքերթով դեպի Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան:
Հուշարձանի մոտ հավաքվածներին մարզպետի անունից ողջունել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանն ու ասել, որ մեծ ակնածանքով են հիշում Հայրենական պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած հերոս տղաների սխրանքների մասին և ավելացրել, որ նրանց օրինակով պիտի կերտենք լուսավոր ապագա ու շենացնենք մեր հայրենիքը:
Գագիիկ Մուրադյանի խոսքից հետո ելույթ է ունեցել Հայրենական պատերազմի վետերանների նախագահ Հուսիկ Փանոսյանը: Իր խոնարհումը բերելով բոլոր նահատակներին և կենդանի հերոսներին` Հուսիկ Փանոսյանը ևս շնորհավորել է բոլորին մեծ պայքարի, մեծ հաղթանակի և մայիսյան հաղթական տոնակատարությունների առթիվ:
Ողջույնի խսքով հանդես է եկել նաև Արտաշատի ռուսական զորամասի հրամանատար Իգոր Նիկիտենկոն` շնորհավորելով մարդկության պատմության մեջ ամենամեծ հաղթանակի 70-ամյակը և ասել, որ կյանքի գնով և մեծ դժվարությամբ տրված այդ հաղթանակը գալիք սերունդները պետք է պահպանեն ամենայն պատասխանատվությամբ:
Հանդիսավոր միջոռացման ընթացքում ելույթ են ունեցել նաև Արտաշատի Կապի հայկական գումարտակի սերժանտ Միքայել Միքայելյանը, Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը, Արտաշատի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մխիթար Ալոյանը:
Տեր Մխիթար Ալոյանն իր օրհնությունն է բերել ներկաներին և հորդորել, որ մայիսի 9-ը յուրաքանչյուրի համար լինի ցնծության և ուրախության տոն:
Միջոցառման վերջում ներկաները կատարել են ծաղկեդրման արարողություն: