Նորություններ
Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Կանաչուտ, Այգեստան, Հնաբերդ համայնքներում
16.05.2015
Մայիսի 15-ի երեկոյան Արարատի մարզում տեղացած կարկուտը վնաս է հասցրել մի շարք համայնքների պտղատու այգիներին:
Կարկուտի հասցրած վնասները ստուգելու և ստեղծված իրավիճակին անձամբ ծանոթանալու համար Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղել է Կանաչուտ, Այգեստան, Հնաբերդ համայնքներում: Արարատի մարզպետին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, գյուղատնտեսական գերատեսչությունների մարզային կառույցների պատասխանատուներ:
Մարզի ղեկավարը եղել է բոլոր երեք համայնքների դեղձի, ծիրանի, խնձորի և խաղողի այգիներում, տեղում ծանոթացել իրավիճակին: Մայիսի 15-ին տեղացած կարկուտը մոտավոր հաշվարկով վնասել է Հնաբերդ , Այգեստան և Կանաչուտ համայնքների 150 հա այգիների բերքը` ազդելով առավելապես բերքի ապրանքային տեսքի վրա:
Այնուհետև Ռուբիկ Աբրահամյանը հանդիպել է գյուղացիների հետ, լսել նրանց խնդրանք-հայցերը, քննարկել ստեղծված իրավիճակից ելք գտնելու ուղիները: Արարատի մարզպետը համայնքի ղեկավարներին և ավագանու անդամներին հանձնարարել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որն ավելի իրատեսորեն կարձանագրի վնասի չափերը: Այցի ընթացքում մարզի ղեկավարը քննարկել է նաև ապագայում Արտաշատի տարածաշրջանի այս հատվածում կարկտային կայանների թիվն ավելացնելու անհրաժեշտության և դրանով իսկ բերքի վնասը նվազեցնելու հարցը: