Նորություններ
Արարատի մարզպետը ներկա է գտնվել Վերջին զանգի արարողությանը
22.05.2015
Հանրապետության բոլոր դպրոցներում մայիսի 22-ին հնչած ավարտական վերջին զանգը ազդարարել է ուսումնական ևս մեկ տարվա ավարտ: Արտաշատի ավագ դպրոցում այս կապակցությամբ կայացել է Վերջին զանգի արարողություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ուսուցիչներ, աշակերտներ,հյուրեր:
Միջոցառումը բացել է Արտաշատի ավագ դպրոցի տնօրեն Եպրաքսյա Սիմոնյանը և շրջանավարտներին մաղթել խոստումնալից ապագա ու հզոր հայրենիք:
Տոնական արարողության ընթացքում շրջանավարտներին շնորհավորական խոսք է ուղղել նաև Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը: Կարևորելով մարդակերտման գործում ուսուցիչների դերը` Կարինե Պողոսյանը շնորհակալանքի խոսք է ասել նաև շրջանավարտների ծնողներին հայ ազգին արժանավոր քաջորդիներ ու լավ զավակներ պարգևելու համար:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Մաղթելով դպրոցական տարիներին ամբարած գիտելիքները հայրենիքի շենացման գործում կիրառելու առաջնահերթություն` մարզի ղեկավարը նաև կարևորել է ամբողջ կյանքի ընթացքում ազնվությունը, հայրենասիրությունն ու մարդասիրությունը վեր դասելու ունակությունը:
Վերջին զանգի տոնական արարողության շրջանակներում շրջանավարտներին իրենց ողջույնի խոսքն են փոխանցել նաև հինգերորդցիները, պարային և երգային կատարումներով հանդես եկել Արտաշատի ավագ դպրոցի 12-րդ դասարանների աշակերտները:
Միջոցառման ավարտին ավանդական համարվող Լորկեի հնչյունների ներքո շրջանավարտների պարին է միացել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և լուսանկարվել նրանց հետ: