Նորություններ
Արարատի մարզում կրկին կարկուտ է տեղացել
25.05.2015
Մայիսի 23-ին ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Արարատի մարզում տեղացած կարկուտը վնաս է հասցրել Նարեկ, Նորաշեն, Քաղցրաշեն, Դվին, Նոր Կյանք, Լուսառատ համայնքների գյուղացիական տնտեսություններին:
Առանձնապես տուժել են Քաղցրաշեն և Նարեկ համայնքների գյուղացիական տնտեսությունների խնձորենու, կեռասենու, դեղձենու, ծիրանենու, սալորենու, ինչպես նաև խաղողի այգիների որոշ հատվածներ: Մոտավոր հաշվարկով կարկուտը վնասել է 120-150 հա տարածություն:
Մայիսի 23-ի երեկոյան, ինչպես նաև մայիսի 24-ի առավոտյան վերոհիշյալ համայնքների կարկտահարված գյուղացիական տնտեսություններում են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, ուսումնասիրել կարկտահարված տարածքներն ու տվել համապատասխան գնահատականներ:
Ապրիլի 25-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կարկուտից տուժած համայնքների գյուղացիական տնտեսություններում ստեղծված իրավիճակը: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ համայնքների ղեկավարներին առաջարկվել է ստեղծել ավագանու անդամներից բաղկացած աշխատանքային խմբեր գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը գույքագրելու և տուժած ընտանիքներին աջակցելու նպատակով: Խորհրդակցության ավարտից հետո կարկտահարված գյուղացիական տնտեսություններ են մեկնել վնասներն ուսումնասիրող մասնագետներ` Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի գլխավորությամբ:
Հետագայում այսօրինակ խնդիրներից խուսափելու համար ծրագրվում է կառուցել հակակարկտային կայանների երկրորդ պաշտպանական գիծը: