Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուխտագնացություն Քրիստինա-Հայաստանի շիրիմին

26.05.2015

Մայիսի 25-ին Արարատի մարզի Շաղափ համայնք ուխտագնացության էին եկել գրականագետ-անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը, Էդիկ Ղազարյանը, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, Շաղափի դպրոցի տնօրեն Լյովա Միքայելյանը, Տափերականի դպրոցի տնօրեն Մուշեղ Սարգսյանը, դպրոցականներ, համայնքի բնակիչներ: Նրանք խնկարկեցին շիրիմը, ծաղիկներ դրեցին շիրմաքարին, իսկ Ռուբեն Սիմոնյանը, որ վերջին անգամ Քրիստինա-Հայաստանին հանդիպել է 1973 թվականին, ծնրադրեց մեծ հելլենուհու շիրմաքարի առաջ:

Միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում: Տնօրենը, բացելով միջոցառումը, ողջունեց ուխտագնացներին, ապա դահլիճին ներկայացրեց Անդրանիկ Օզանյանի զինվորուհու` Քրիստինա-Հայաստանի կենսագրությունը: Նա հելլենուհի է: Ծնվել է Արևմտյան Հայաստանի էրզրումի նահանգի Հասանկալա գավառի Հեքապատ գյուղում` հույն Լազարի ընտանիքում: Հեքապատում հայերի հետ մեկտեղ ապրում էին նաև հույներ: Քրիստինան սիրահարվում է հարևան Բարսեղի Հարութին և ամուսնանում նրա հետ: Հենց այս ընտանիքում էլ Քրիստինան դառնում է Հայաստան: Ցեղասպանությունից մազապուրծ` նրանք գալիս են Ղարաբաղ: Այստեղ հիվանդությունից մահանում են  Քրիստինա-Հայաստանի ամուսինն ու չորս զավակները:

Այս ժամանակ Անդրանիկ Օզանյանը զորքով մտնում է Զանգեզուր: Վրեժի զգացումը սրտում` Քրիստինա-Հայաստանը խնդրում է Անդրանիկին զինվորագրել իրեն: Անդրանիկը համառում է` ասելով, թե աղջիկս քեզ խնայիր, ջահել ես, գնա, ամուսնացիր, զավակներ ունեցիր, թող նրանք կռվեն թշնամու դեմ: Սակայն Քրիստինա-Հայաստանն ավելի համառ էր: Նա ընդգրկվում է Անդրանիկ Օզանյանի հատուկ ջոկատում և ռուս տղաների հետ կռվում Զաբուղի կիրճում: Հետագայում, երբ Անդրանիկ Օզանյանը լուծարում է կամավորական ջոկատները և գնում Էջմիածին զենքերը հանձնելու Գևորգ 5-րդ կաթողիկոսին, Քրիստինա-Հայաստանը Սեբաստացի Կարապետ Պապիկյանի հետ մնում է Արարատի մարզի Շաղափ գյուղում: Նրանք ամուսնանում են, ընտանիք ստեղծում: Քրիստինա-Հայաստանի ամուսինը մահանում է, և շուտով սկսվում է Մեծ Հայրենականը: Որդին` Անդրանիկը, զոհվում է պատերազմում: Միայնակ մնացած Քրիստինա-Հայաստանը որդեգրում է Սևանի ավազանից մի պատանու, դառնում է նրան մայր, խնամում նրա երեխաներին: Այժմ Քրիստինա-Հայաստանը հանգչում է Շաղափ համայնքում:

Շաղափի բնակիչները նշում են, որ բանակ գնացող ամեն զինվորի նա օրհնում էր Արևմտյան Հայաստանից բերած իր Ավետարանով և ճանապարհում  բանակ: Հերթական անգամ 90-ամյա Քրիստինա-Հայաստան մայրիկը շտապում է հարևանի տղային բանակ ճանապարհելու և ենթարկվում ավտովթարի: Համագյուղացիները հարգանքով են վերաբերվել մեծ մայրիկին: Նա մասնակցել է գյուղի հասարակական կյանքին, նպաստել է գյուղի զարգացմանը: Շաղափի դպրոցականները ուխտագնացությունը նշանավորեցին Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումով:

Հեղինակը կարդաց Անդրանիկ Օզանյանին նվիրված Չարենցի բանաստեղծությունը, որտեղ հատուկ շեշտադրեց, որ նրանք գնացին սրբելու մեր դեմքից նախատինքն ու լացը: Այնուհետև հեղինակը դպրոցին նվիրեց փաստավավերագրական բազմաթիվ գրքեր, որոնք խոսում են մեծ զորավարի մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32