Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պոեզիայի օր Զանգակատանը

18.06.2015

Պարույր Սևակի մահվան 44-րդ տարելիցի կապակցությամբ Զանգակատանը` նրա տուն –թանգարանում, ավանդական դարձած Պոեզիայի օր էր: Պոեզիայի օրվան մասնակցում էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,  մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, բաժնի աշխատողներ, Գրողների միության անդամներ Գագիկ Դավթյանը,  Մանասեն, Դարիկո Խաչատրյանը, Հուսիկ-Արան, Էմին Սահյանը, հյուրեր Սյունյաց աշխարհից, Արագածոտնից, Վայոց ձորից, մտավորականներ, լրագրողներ, գրականագետներ:

Վթարի վայրում մարպետ Ռուբիկ Աբրահամյանը, Իլյիչ Շադյանը իրենց խոնարհումն արտահայտեցին` հուշակոթողին ծաղիկներ դնելով:

Լեփ-լեցուն տուն-թանգարանում միջոցառումը բացեց տնօրեն Ավետիք Գրիգորյանը: Ողջունելով Պոեզիայի օրվա մասնակիցներին` նա ասաց.

-         Այս լեփ-լեցուն դահլիճը և չդադարող հյուրերի հոսքը խոսում է այն մասին , որ Պարույր Սևակը մեր լեռնային պաղպաջուն, անապակ աղբյուրն է, որից ինչքան էլ խմենք` չենք հագենա:

Նա նշեց նաև, որ արդեն շահագործվում է տուն-թանգարանին կից կառույցը` Զանգակատունը` գրապահոցով, վարչական սենյակով, հանդիսությունների սրահով: Միջոցառումը <<Կարին>> երգչախմբի ղեկավար Գրիգոր Համբարյանը շարունակեց էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ, Պարույր Սևակի խոսքերով գրված <<Էրեբունի-Երևան>> երգով: Ողջ դահլիճը ձայնակցում էր:

Մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից ողջունելով Պոեզիայի օրվա մասնակիցներին` ասաց, որ Արարատի մարզում արդեն ավանդույթ է դարձել, որ Պարույր Սևակի ծննդյան և մահվան օրերը հիշարժան դառնան  Պոեզիայի օրով և  այսօր` նրա մահվան տարելիցի օրը  ևս բացառություն չէ:

 Գրականագետ Արմեն Ավանեսյանն ասաց, որ Սևակ Զազարյանը` Պարույր Սևակի թոռը, հրապարակել է <<Ամանամեջ>> անտիպ գործը և շուտով պատրատվում է հրատարակելու միջնադարյան պոեզիայի մասին նրա վերլուծական-գրականագիտական հատորյակը: ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տուն-թանգարանին փոխանցեց Սևակի բրոնզաձույլ կիսանդրին: Նկարիչ Միքայել  Ավետիսյանը, որ ծնվել է նույն տարում, նույն օրը, Սևակի դիմանկար-կտավով հարստացրեց տուն-թանգարանի հավաքածուն:

Որմնանկարի դիմաց, որ պատկերում է Պարույր Սևակի ողջ կյանքը, դրված են գրակալներ` համապատասխան բանաստեղծություններով` գրված գրողի կյանքի տարբեր ժամանակահատվածներում:

Այգով մեկ հնչում է Պարույր Սևակի ձայնը: Նա հորդորում  հայ ժողովրդին անաղարտ պահել աստվածատուր հայոց լեզուն, ապրել Մարդ կոչմանը հասնելու համար, ճամփա տալ ճամփա բացողին և երբեք չելնել շալակն աշխարհի: Միջոցառումն ավելի հարուստ և բովանդակալից դարձրին <<Կարին>> երգչախմբի <<Սարդարապատ>>, <<Կիլիկիա>> և այլ երգերի կատարումները: Պոեզիայի օրը եզրափակվեց Զանգակատան դպրոցականների ելույթներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03