Նորություններ
Պատվոգրեր` առողջապահության ոլորտի նվիրյալներին
22.06.2015
Հունիսի 22-ին Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատվոգրեր է հանձնել Արարատի մարզի առողջապահության ոլորտի երկու տասնյակ նվիրյալների:
Ներկաներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ` Ռուբիկ Աբրահամյանը նրանց շնորհակալություն է հայտնել նվիրված ու բարեխիղճ աշխատանքի և ունեցած բարձրարժեք ավանդի համար` մաղթելով առողջություն, տոկունություն և կամք իրենց ընտրած դժվարին ճանապարհի և ազգանվեր աշխատանքի ընթացքում:
Մարզի ղեկավարը խոսել է նաև կոլեկտիվներում առկա բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման կարևորության և ազգաբնակչության նկատմամբ բուժաշխատողների հարգալից և մարդասիրական վերաբերմունքի մասին` շեշտելով, որ այս կերպ միայն նրանք կարող են հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը և ունենալ առողջ քաղաքացիներ:
Տոնական ընդունելության ընթացքում Արարատի մարզպետի կողմից պատվոգրերի են արժանացել Մասիսի, Արտաշատի, Արարատի և Վեդիի տարածաշրջանների բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների բուժաշխատողները:
Հանդիպման վերջում ելույթով հանդես են եկել պատվոգրերի արժանացած բուժաշխատողներն ու շնորհակալություն հայտնել Ռուբիկ Աբրահամյանին հոգատար վերաբերմունքի և իրենց միշտ ուշադրության կենտրոնում պահելու համար:
Եզրափակելով տոնական ընդունելությունը` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին և մաղթել, որ նրանց ամենուր և ամեն պահ առաջնորդող լինեն առողջ, մարդկային հարաբերությունները, ինչպես նաև օպերատիվ և իրատեսական աշխատանքը: