Նորություններ
Ամառային ճամբար` Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում
23.06.2015
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանի նախաձեռնությամբ և Մասիս երիտասարդաց միության ծրագրով կյանքի է կոչվում ամառային ճամբարի գաղափարը, որն իր շուրջն է համախմբում հոգևոր-մշակութային ու ռազմահայրենասիրական գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին ու Մասիսի տարածաշրջանի մի շարք համայնքների երեխաների:
Ինչպես նշեց Մասիս երիտասարդաց միության ատենապետ, ճամբարի կազմակերպիչ Վարդուհի Խաչատրյանը` շրջակա համայնքներից 190 երեխա շուրջ 7 օր այս տարի ևս իր ամառային հանգիստը կիմաստավորի համերաշխ, մարդասիրական ու հոգևոր-մշակութային կյանքով լեցուն առօրյայի շնորհիվ: Ապա ավելացրեց, որ երեխաներին համախմբելուց բացի, ճամբարի նպատակն է նաև նրանց փողոցից կտրելը, հոգևոր դաստիարակություն տալն ու դեպի Աստված տանող ճշմարիտ ուղին մատնանշելը:
Հունիսի 22-ին մեկնարկած ճամբարի այօրյան, ինչպես և նախորդ 4 տարիներին, անցնում է հետաքրքիր ու բովանդակալից: 190 երեխաները ներառված են տարիքային ընդգրկում ունեցող 5 խմբերում: Ծրագրի շրջանակներում և Մասիս երիտասարդաց միության կամավորների ջանքերով երեխաներին են ուսուցանվում ռազմահայրենասիրական երգեր, շարականներ ու աղոթքներ, հոգևոր, սպորտային և ինտելեկտուալ խաղեր, նկարչություն` ճամբարի սաների մեջ արմատավորելով ազգային ավանդույթներին ու կրոնին, մարդասիրական ու ազգասիրական գաղափարներին հավատարիմ մնալու առաջնահերթությունը: