Նորություններ
Գյուղատնտեսության Նախարարի այցն Արարատի մարզ
24.06.2015
Հունիսի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արարատի մարզ ծիրանի բերքահավաքի, ինչպես նաև մթերման ընթացքին տեղում ծանոթանալու համար:
Գերատեսչության ղեկավարն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Դվին, Ջրաշեն, Աբովյան համայնքներ:
Այգետեր Գևորգ Նազարյանի ծիրանի այգիներ կատարած այցի ընթացքում գյուղապետ Արծրուն Աբրահամյանն ասել է, որ համայնքում արտադրվել է 1200 տ ծիրան, իսկ անցյալ տարի ցրտահարության հետևանքով ընդհանրապես բերք չեն ստացել:
Գևորգ Նազարյանի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է ոռոգման ջրի մատակարարումով, բերքի իրացման խնդիրներով:
Այգետերը նշել է, որ վաղ գարնանից մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում է եղել ջրամատակարարումը: Ջրի պակաս չեն զգացել, չի պակասել նաև մարզպետի ուշադրությունը բերքի իրացման ժամանակ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նշել է, որ մայիսի 15-ին, 17-ին, 23-ին, 28-ին տեցացած կարկուտը վնասել է մարզի Նարեկ համայնքի պտղատու այգիներին: Մյուս համայնքներում բերքն առատ է: Այս տարի մարզում արտադրվել է 40.000 տ ծիրան,իսկ անցյալ տար ցրտահարության հետևանքով,ավելի քիչ քանակությամբ է արտադրվել: Մարզում կա 3160 հա ծիրանի այգի, որից բերքատու է 2830 հա : Ստացված առատ բերքը իրացվում է ներքին շուկայում, ինչպես նաև մթերում են վերամշակող կազմակերպությունները:
Ջրաշեն համայնքում Վարդանյանների ընտանիքը ևս գոհ էր. բերքն առատ է: Նրանք 3 հեկտարից ստացել են 15 տ ծիրան, գոհ են արտադրողներից, որոնք տեղում 1 կգ գնում են 500-600 դրամով: Վարդանյանները ևս շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, որի ուշադրության շնորհիվ ժամանակին տեղ է հասել կառավարության օգնությունը (ազոտական, կալիումական պարարտանյութ, դիզվառելիք), ոռոգման ջուրը ևս անպակաս է եղել, ինչն էլ բարենպաստ եղանակի պայմաններում նպաստել է առատ բերք ստանալուն:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և գյուղացիներին հավաստեց, որ մթերման ասպարեզում խոչընդոտներ չեն լինելու, կմթերվի գյուղացու վերջին պտուղը:
Արտահանողները ծիրանը տեղում գնում են 600 դրամով, իրացնում են Ռուսաստանի դաշնության` Տյումեի, Սոչիի Ղրիմի,Սիբիրի, Չիտայի շուկաներում: