Նորություններ
Ուխտագնացություն դեպի Արագածոտնի մարզի եկեղեցիներ
24.06.2015
Հունիսի 24-ին Արտաշատի տարածաշրջանի տարբեր համայնքների դպրոցների ուսուցիչները` Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ, ուխտագնացության էին մեկնել դեպի Աշտարակի տարածաշրջանի մի քանի եկեղեցիներ:
Ուխտագնացության ընթացքում ուսուցիչները եղել են Մուղնիի Սուրբ Գևորգ, Կարբիի եկեղեցիներում, Օհանավանքում, Սաղմոսավանքում, Տեր Եփրեմ Հարությունյանի հետ միասին աղոթք բարձրացրել առ Աստված` խնդրելով Աստծո ողորմածությունն ու լույսով լցնել մարդկանց հոգիները:
Բոլոր եկեղեցիներում նրանք նաև հնչեցրել են շարականներ և Աստծուց խնդրել ընդունելի անել իրենց ուխտը:
Սաղմոսավանքի Սբ. Սիոն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինը ուսուցիչների հետ շրջել է եկեղեցու բոլոր հատվածներում և ներկայացրել 13-րդ դարում կառուցված Սաղմոսավանքի հրաշափառ պատմությունը:
Տեր Եփրեմ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի տարբեր եկեղեցիներ կազմակերպվող ուխտագնացությունները շարունակական բնույթ պիտի կրեն, որպեսզի մեր ուսուցիչները ավելի լավ իմանան իրենց պատմությունն ու խորությամբ ճանաչեն հայերի հոգևոր կենտրոնները` ազգային արմատներին հավատարիմ պահող հայոց եկեղեցիները: