Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

25.06.2015

Հունիսի 25-ին Արարատի մարզպետարանում  կայացել է մարզխորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:  Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզխորհրդի 90 անդամներ, ՀՀ ՏԿԱԻ պատասխանատու աշխատակիցներ, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներ, ՋՕԸ-ի տնօրեններ, մարզպետարանի աշխատողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բացելով մարզխորհրդի նիստը` մարզի ղեկավարը ներկայացրել է  օրակարգը:

Առաջինը զեկույցով հանդես է եկել  մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Անդրադառնալով գյուղատնտեսական  շրջանում ընթացող  աշխատանքներին` Հայկազ Տերտերյանը խոսել է պտուղ-բանջարեղենի, հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի ընթացքի և արձանագրված  ցուցանիշների մասին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը անդրադարձել է նաև այս շրջանում արդիական համարվող ջրամատակարարման համակարգոււմ առկա խնդիրներին:  Արարատի մարզետ Ռուբիկ Աբրահամյանը զեկուցման ավարտին ավելացրել է,  որ աշխատանքային այցերի և իր հանձնարարությամբ կատարված  ուսումնասիրությունների արդյունքում որևէ դժգոհություն չի նկատել կառավարության կողմից հատկացված դիզվառելիքի և պարարտանյութի  բաշխման ուղղությամբ, որոնք նպաստել են գյուղացիական տնտեսություններում առատ բերք ստանալուն: Ինչպես նաև մարզի ղեկավարը հանձնարարել է ուշադրության և խիստ հսկողության տակ պահել  ոռոգման սեզոնի ընթացքում  ոռոգման ջրի ճիշտ բաշխման-հատկացման աշխատանքների համակարգումը:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի զեկույցին հաջորդել է ֆինանսների և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանի զեկույցը: Ներկայացնելով մարզի համայնքների 2015 թվականի հինգ ամիսների բյուջեների կատարողականը` Գուրգեն Եղիազարյանը անդրադարձ է կատարել   ինչպես համայնքների եկամուտների հավաքագրմանն, այնպես էլ հարկատեսակների գանձումների կատարողականին` նշելով այն համայնքների անունները, որոնք արձանագրել են բարձր կամ ցածր ցուցանիշներ: Զեկույցի ավարտին հանձնարարվել է հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարների հետ միասին ս/թ հունիսի  29-ին կազմակերպել քննարկում Արարատի մարզպետի մոտ, իսկ համայնքների ղեկավարներին` ձեռնարկել բոլոր միջոցները հարկատեսակների վարձավճարների գանձման և հավաքագրման ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ:

Մարզխորհրդի նիստի ընթացքում վերջին զեկույցը ներկայացրել է կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն իր հաշվետվության  ընթացքում խոսել է մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից սննդի կազմակերպման և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների, այդ հաստատությունների շենքային պայմանների և այս բնագավառում առկա մի շարք այլ խնդիրների  ու ձեռքբերումների մասին: Մարզի նախադպրոցական հաստատություններում  աշխատանքային գործունեության ամենօրյա հսկողություն   սահմանելու և դրանց արդյունքը Արարատի մարզպետին  ամեն երկուշաբթի ներկայացնելու հանձնարարականի հետ մեկտեղ  նախադպրոցական հաստատությունները ամենօրյա ուշադրության   կենտրոնում պահելու առաջարկություն  են ստացել  նաև համայնքների ղեկավարները:

 Նիստի ընթացքում հայտարարություններով հանդես են եկել մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, իրավաբանական բաժնի պետ Սուսաննա Բաբայանը, մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ` անդրադառնալով ամառային զորակոչի կազմակերպմանը, արհեստակցական միությունների ու  համայքների փոխհարաբերություններին և այլ հարցերի:

Ամփոփելով    մարզխորհրդի հերթական նիստը` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը անդրադարձել է ներկայացված զեկույցներում արձանագրված խնդիրներին ու ձեռքբերումներին` պահանջելով, որ համայնքների ղեկավարներն ու տարբեր գերատեսչությունների պատասխանատուներն իրենց աշխատանքին մոտենան ամենայն պատասխանատվությամբ, լինեն  արդար և ցանկացած իրավիճակում առաջնահերթություն համարեն ազգաբնակչության բարօրությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03