Նորություններ
<<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագիրը` Արարատի մարզում
01.07.2015
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ արդեն 2-րդ տարին կյանքի է կոչվում <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագիրը, որի նպատակն է հոգևոր և մարմնական օժանդակություն ցուցաբերել զոհված զինծառայողների ընտանիքներին և զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց:
Հունիսի 30-ին Արարատ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրի հերթական միջոցառմանը մասնակցել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Բարեգործական այս առաքելության իրականացմանը ներկա են եղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, հոգևոր հայրեր, զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ, արարատցիներ, հյուրեր:
Միջոցառումը բացելով Տերունական աղոթքով` Արմավիրի Թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանն իր օրհնությունն է փոխանցել ներկաներին, Աստծուց խնդրել առողջություն և ողորմություն ինչպես ներկաների, այնպես էլ ողջ հայ ժողովրդի համար, ապա խոսել հայ առաքելական եկեղեցու իրականացրած բարեգործական ծրագրերի, մարդասիրական կերտվածքի մասին նրա ստեղծումից մինչ օրս:
Այնուհետև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Արմավիրի Թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց հայրենասիրությամբ աչքի ընկած և վիրավորված զինծառայողներին են հանձնել դրամական օգնությունները: Իսկ հաշմանդամության պատճառով բարեգործական առաքելության ներկայանալ անկարող շահառուներն իրենց դրամական օգնությունը ստացել են տնային պայմաններում:
Միջոցառումը եզրափակվել է ազգագրական երգերի, պարերի կատարումներով և մատաղի արարողությամբ: