Նորություններ
Համահայկական 6-րդ խաղերին ընդառաջ
02.07.2015
Օգոստոսի 2-13-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում կմեկնարկեն Համահայկական խաղերը: Համահայկական խաղերը, որին մասնակցում են Հայաստանի և աշխարհի տարբեր քաղաքների հայ աթլետներ, անցկացնում է վերոհիշյալ խաղերի կոմիտեն` Իշխան Զաքարյանի նախագահությամբ:
Արտաշատի մարզադաշտում կմրցեն Հայաստանի բոլոր քաղաքների աթլետիստները. այդ սպորտաձևն անցկացնելու համար Արտաշատի մարզադաշտը համապատախանում է բոլոր չափանիշներին:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հետ, մեկ անգամ ևս նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով այցելել են մարզադաշտ:
Արդեն ավարտին են մոտենում բաղնիքի հարդարման, սալիկապատման, հանդերձարանների ներքին հարդարման, սանհանգույցների արդիականացման, ընդհանուր սրահի հիմնանորոգման աշխատանքները:
Արարատի մարզի ղեկավարն ու Արտաշատի քաղաքապետը շրջեցին ողջ մարզադաշտով: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հենց տեղում լուծել են մարզադաշտի 3000 նստարանների արտաքին հարդարման, վազքուղիների նորացման, թարմացման, տատամիի մասնակի նորոգման, ինչպես նաև արդիական տեխնիկայով մարզադաշտը վերազինելու խնդիրները:
Մարզի ղեկավարը նշեց, որ ամեն ինչ կանի Համահայկական խաղերը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Նա միջոցառումներ ձեռնարկելու և մեկ օր հետո արդյունքները ներկայացնելու հանձնարարականներ տվեց համապատասխան ոլորտի աշխատողներին: