Նորություններ
Մեկնարկել է ամառային զորակոչը
03.07.2015
Հուլիսի 1-ին մեկնարկել է ամառային զորակոչը: Հանրապետության տարբեր զինկոմիսարիատներից հայրենի սահմանների պաշտպանության համար ծառայության են մեկնել 18 տարին լրացած պատանիները:
Հուլիսի 2-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ներկա են եղել Արտաշատի Զինվորական կոմիսարիատում կազմակերպված միջոցառմանը:
Մարզպետին ուղեկցել է մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը:
Ողջունելով ներկաներին` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասել է, որ մենք ունենք հզոր, մարտունակ բանակ, որի շարքերը պիտի համալրեն մեր զինվորները, որոնք մեր հայրենիքի վաղվա տերերն են, մեր հայրենիքի ապագայի կերտողները: Մաղթելով հասուն, ուշիմ ծառայություն` մարզի ղեկավարը նրանց ցանկացել է խաղաղ վերադարձ` հույս հայտնելով վերաարձից հետո նրանց տեսնել հզոր տնտեսության և մշակույթի կերտողների շարքերում:
Այնուհետև, ավանդույթի համաձայն, մարզի ղեկավարը զրուցել է զինվորների ընտանիքի անդամների, բարեկամների հետ, լսել նրանց հուզող հարցերի մասին, դրանց լուծման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ և հավաստիացրել, որ միշտ կանգնած է զինվորի ու զինվորի ընտանիքի կողքին:
Ավանդույթի համաձայն լուսանկարվելուց հետո զորակոչիկները ավտոբուսներով տեղափոխվել են դեպի Կենտրոնական հավաքակայան:
Հուլիսի 3-ին Արարատի Զինկոմիսարիատում կայացած զորակոչային միջոցառմանը ևս մասնակցել և զորակոչիկներին ծառայության է ճանապարհել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Մուրադյանը և Իլյիչ Շադյանը,Վեդիի և Արարատի և այլ համայնքների ղեկավարներ:
Այստեղ ևս մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում առաջին հերթին դիմել է զորակոչիկների ծնողներին, նրանց շնորհակալություն հայտնել քաջ, պատրաստակամ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու համար, ապա հավելել, որ բանակն է պետության ամրության և բոլոր բնագավառների հզորության հիմքը, որ պիտի զինվորները ծառայեն հպարտորեն, լինեն նվիրված, գիտելիքներ ստանալու մեծ ցանկությամբ` վերադառնալով հայրենի օջախներ ավելի կայացած ու որպես մեր երկրի արժանի քաղաքացիներ:
Ավարտին զորակոչիկներն ու նրաց հարազատները ուրախությամբ լուսանկարվել են մարզի ղեկավարի հետ: