Նորություններ
Ամառային զորակոչը շարունակվում է
06.07.2015
Հուլիսի 6-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Մասիսի զինկոմիսարիատում կազմակերպված զորակոչային միջոցառմանը:
Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, տարածաշրջանային գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ամառային զորակոչին նվիրված միջոցառումը հագեցած է եղել տոնականությամբ և բարձր տրամադրությամբ: Զինակոչիկները զինկոմիսարիատ էին եկել երկրի սահմանների պաշտպանության գործում իրենց ավանդն ունենալու անխախտ համոզումով, նրանց ծնողները` հայրենիքի հանդեպ իրենց պարտքի գիտակցությամբ ու հպարտությամբ:
Դիմելով ներկաներին` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասել է.
- Սիրելի’ հայրենակիցներ, ծնողներ, զինակոչիկներ: Այսօր բոլորիս պարտքն է ներկա գտնվել այստեղ: Շնորհավորում եմ բոլորիս նման երիտասարդ ու քաջ տղաներ ունենալու կապակցությամբ: Տղաներին մաղթում ծառայության ընթացքում հրամանատարների և մեկը մյուսի նկատմամբ լինել հարգանքով ու համախմբված, իսկ ամբարած գիտելիքները կիրառել կյանքում, խաղաղ պայմաններում:
Այնուհետև դիմելով զինակոչիկների ծնղներին` Ռուբիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ամեն պահ պատրաստ է օգնության ձեռք մեկնել նրանց և աջակցել:
Զորակոչային միջոցառման ընթացքում պատանի երկրապահները ցուցադրել են մարտական հնարքներ, իսկ զինակոչիկների հարազատները հանդես են եկել ազգագրական պարերի կատարումներով:
Ներկաները` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկներին հիշատակին նվիրված հուշաքարին: