Նորություններ
Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Զանգակատուն համայնքում:
08.07.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում են ամռան գյուղատնտեսական աշխատանքները, մասնավորապես` առաջնային նշանակության ոռոգման համակարգի ճիշտ կառավարումը: Մարզի համայնքների հողատարածքներին ու գյուղացիական տնտեսություններին հատկացվող ոռոգման ջրի ճիշտ տեղաբաշխման աշխատանքներին անձամբ հետևելու համար Ռուբիկ Աբրահամյանը հուլիսի 8-ին եղել է Զանգակատուն համայնքում: Առկա խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծում տալու համար մարզի ղեկավարը միաժամանակ հանդիպել է ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ Զանգակատուն և Պարույր Սևակ համայնքների ղեկավարների և ՋՕԸ-ի պատասխանատու աշխատակիցների հետ:
Ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի, խողովակաշարերի վերափոխման և մի շարք այլ հարցերի ու խնդիրների հայցով համայնքի բնակիչները դիմել են մարզի ղեկավարին ու դրանց լուծման հետ կապված ստացել դրական պատասխան:
Անդրադառնալով մի քանի համայնքներին նույն ջրամբարից ջրահատկացման հարցին` մարզի ղեկավարն ասել է, որ իր համար խիստ կարևոր ու առաջնահերթ են հավասարապես բոլոր համայնքները ու նրանց խնդիրների լուծման համար տարվող աշխատանքները: Ապա Ռուբիկ Աբրահամյանն ավելացրել է, որ խնդրին պետք է տրվի իրատեսական և ճիշտ լուծում ոչ թե մեկ համայնքի ջրամատակարարման խնայման հաշվին մյուսի ջրամատակարարմամբ, այլ յուրաքանչյուր համայնքին համապատասխան ծավալով և տեղին ջրամատակարարում ապահովելով, որպեսզի դրանից չտուժի ոչ գյուղացին և ոչ էլ բերքը:
Դիմելով ՋՕԸ-ի ներկայացուցիչներին` Ռուբիկ Աբրահամյանն ասել է, որ համապատասխան պայմանագրի կնքման դեպքում ՋՕԸ-ն պարտավոր է իրականացնել այդ պայմանագրին համապատասխան ջրամատակարարում և որ միշտ կանգնած է գյուղացու կողքին ու հետևողական է գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքի նկատմամբ: