Նորություններ
Դվինի փառատոնը նշանավորվել է Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնի բացմամբ
18.07.2015
Հուլիսի 18-ին Ներքին Դվին համայնքում անցկացվել է համայնքի բերք ու բարիքին նվիրված փառատոն: Փառատոնն իր ներկայությամբ պատվել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին, օտարերկրյա հյուրեր, դվինցիներ:
Փառատոնը նշանավորվել է Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնի բացմամբ:
Համայնքի առատ բերքին ու ազգերի միասնությանը նվիրված Դվինի փառատոնի շրջանակներում ներկայացված ցուցասեղանները փաստել են Դվինի բերրիության և դվինցիների աշխատասիրության մասին. պտուղ-բանջարեղենի առատությունը, զանազան պահածողները, ձեռքի աշխատանքները, նկարչական ու քանդակագործական արվեստի նմուշները հիացրել են ներկաներին:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնի ժապավենները կտրելուց հետո շրջել են նորաբաց և դեռևս շինարարական ընթացքի մեջ գտնվող կենտրոնում, ծանոթացել ինչպես պայմաններին, այնպես էլ հայկական և պարսկական գրականության նմուշներին: Առաջիկայում կենտրոնը համալրվելու է ժամանակակից տեխնիկայով, ինչն էլ հնարավորություն է տալու ավելի իրատեսական պայմաններում իրականացնել պարսկերենի ուսուցումը:
Արարատի մարզպետը բարձր է գնահատել ԻԻՀ դեսպանատան և ՆերքինԴվինի համագործակցությունն ու ասել, որ այս կենտրոնը երկու հանրապետությունների բարեկամության վկան է և ծառայելու է իրանական մշակույթի խորը ուսումնասիրմանը: Մարզի ղեկավարն ավելացրել է նաև, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ Արարատի մարզի համայնքների մշակութային կյանքն ակտիվ ու ներդաշնակ դարձնելու համար, որի ապացույցն է այս կենտրոնի բացումը:
Ներքին Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանի հավաստիացմամբ` Դվինում հայ-իրանական կապերի երկու տարվա վաղեմությունը դեռևս խորը արմատներ է գցելու երկու ժողովուրդների պատմության և մշակույթի մեջ: