Նորություններ
Արարատի մարզպետն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղեկալ Սմբատ Լպուտյանին
24.07.2015
Հուլիսի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: Հանդիպմանը ներկա են եղել Արտաշատի, Մասիսի և Արարատի քաղաքապետերը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, շախմատի մարզիչներ:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է շախմատի ֆեդերացիայի փոխնախագահին ու ներկաներին և կարևորել այս հանդիպումն ու քննարկվելիք հարցերը Արարատի մարզում շախմատի զարգացման ու մասսայականացման տեսանկյունից, ապա ավելացրել.
- Մարզի բոլոր համայնքներում և կրթական հաստատություններում յուրաքանչյուր պատասխանատու պետք է իր աշխատանքին մոտենա ամենայն լրջությամբ և գիտակցի այս առաքելության կարևորությունը: Շախմատի մասսայականացումն ու հանրապետական կարևորագույն մրցումներում Արարատի մարզի ներկայացուցիչների կողմից մրցանակային տեղեր ապահովելը կախված է մեր ամենօրյա բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքից: Եվ միայն օբյեկտիվ առաջարկությունների ու առողջ նախաձեռնությունների հիման վրա կառուցված աշխատանքը կտա ցանկալի արդյունք:
Սմբատ Լպուտյանը շնորհակալություն է հայտնել Արարատի մարզպետին շախմատի մասսայականացմանը նպաստելու և շախմատի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար, ապա միասին ակտիվ, հզոր ու նպատակային ֆեդերացիա կառուցելու նպատակով առաջարկել Ռուբիկ Աբրահամյանին լինել Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, որն էլ ընդունվել է մեծ սիրով: Այնուհետև Սմբատ Լպուտյանը խոսել է հանրապետությունում և Արարատի մարզում մասնավորապես շախմատային կյանքի ձեռքբերումների, ծրագրերի և առկա խնդիրների մասին:
- Շախմատի ֆեդերացիան ընտրել է շախմատի զարգացման երկու ուղի` կրթական համակարգում <<Շախմատ>> առարկայի ներգրավմամբ և շախմատը գրավիչ դարձնող այլ եղանակների կիրառմամբ: Արարատի մարզը միշտ ունեցել է մեծ պոտենցիալ: Մեծ ուշադրության և պատասխանատուների, մարզիչների քրտնաջան աշխատանքի դեպքում արարատցիները հանրապետական և միջազգային մրցումներում կգրանցեն ավելի բարձր ցուցանիշներ:
Հանդիպման ընթացքում շախմատի տարբեր համայնքների մարզիչները ներկայացրել են շախմատի դպրոցներում առկա խնդիրները, որոնք վերաբերել են հիմնականում տարածքների բարեկարգությանը կամ մակերեսների ավելացմանը: Արարատի մարզպետի հանձնարարականով բարձրացված հարցերն ու առաջարկությունները առաջիկայում կստանան դրական լուծում: