Նորություններ
<<Հեքիաթային կիրճ>> է մեկնել երեխաների հերթական խումբը
27.07.2015
Հուլիսի 27-ին Արարատի մարզի երեք տարածաշրջանի սոցիալապես անապահով երեխաների հերթական խումբն է մեկնել Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> ճամբար: 125 երեխաներին ճանապարհելու էին եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ինչպես և նախորդ անգամ, երեխաների անվտանգ երթևեկությունը ապահովել են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները` նրանց ուղեկցելով մինչև Հանքավան:
Արարատի մարզպետը խոսել է ճամբար մեկնող երեխաների հետ և կարևորել նրանց առողջ ու լիարժեք հանգիստը:
- Մաղթում եմ ձեզ ուրախ, լիարժեք և հիշարժան հանգիստ: Եղեք միասնական ու համախմբված ամեն պահ և ցանկացած հարցում: Իսկ ճամբարային օրերին ձեռք բերած գիտելիքներն ու ստացած տպավորությունները ձեզ պետք կգան նոր ուսումնական տարում և կդառնան ձեր մանկության ու պատանեկության վառ հուշերի պատվանդանը:
Բարի ճանապարհ ու բարի վերադարձ մաղթելու հետ մեկտեղ Ռուբիկ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի հետ երեխաներին արդեն Հանքավանում հյուրընկալվելու և նրանց հետ մեկ ճամբարային օր անցկացնելու խոստում է տվել:
Ծնողները շնորհակալանքի խոսքեր են ուղղել մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և ասել, որ թեև դժվար է բաժանումը, բայց միևնույն ժամանակ գիտակցում են, որ իրենց երեխաները հուսալի և ապահով ձեռքերում են, իսկ երեխաների համար <<Հեքիաթային կիրճ>> մեկնումն ու այնտեղ անցկացրած հանգիստը` տոն: